
«Անգամ նման քննարկում չի եղել». Նիկոլայ Բաղդասարյանը՝ անցումային արդարադատությունը 1998 թվականից հետո կիրառելու մասին

«Նման տեղեկություն չունեմ: Ցանկացած հարց կարգավորվելու է օրենքով: Օրենքում պետք է ամրագրված լինի, թե որ ժամանակահատվածի վրա է տարածվում անցումային արդարադատությունը: Անգամ նման քննարկում չի եղել: Երեկ լսումների ժամանակ հասարակական հատվածի ներկայացուցիչները նշել են, որ նպատակահարմար է 1991 թվականից մինչև հեղափոխության օրը կիրառել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Փաստի» հրապարակմանը, որ այս պահի դրությամբ անցումային արդարադատությունը նախատեսվում է կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ չի ներառելու 1991-98 թվականները:
Ըստ նրա՝ դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ ժամանակաշրջան կընդգրկի անցումային արդարադատությունը, և այդ հարցը որոշվելու է խորհրդարանական բոլոր ուժերի քննարկման արդյունքում, ինչպես նաև նախընտրելի է, որ լինի արտախորհրդարանական ուժերի համաձայնությունը:
«Խոսքը մարդկանց խախտված իրավունքների վերականգնման մասին է, եթե եղել են խախտումներ, էական չէ՝ ում նախագահության ժամանակաշրջանում է եղել, էական է, որ այդ խախտված իրավունքները վերականգնվեն»,- ասաց Ն.Բաղդասարյանը: