Բաժիններ՝

Բրիտանական Independent-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու խնդրին

Բրիտանական Independent պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու, Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորման վերաբերյալ: Պարբերականը հայտնում է, որ Եվրոպայի սպորտային հասարակությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը:

«Տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության հետ, փակուղու մեջ է դրել «Արսենալ»-ի երկրպագուներին, բրիտանական ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին և միջոցառման կազմակերպիչներին: Բայց արդյոք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը, բացի նրանից, որ այն կապված է Հարավային Կովկասում առկա լարվածության հետ»,- գրել է թերթը:

Independent-ը հայտնում է, որ հիասթափեցնում է «Արսենալ»-ի մենեջեր Ունայ Էմերիի խոստովանությունը, թե ինքը չի հասկանում այդ քաղաքականությունը, և այն հնարավոր է նույնքան ճիշտ է նաև Եվրոպայի բոլոր արտաքին գործերի նախարարների համար:

«Համայնքների պալատում Թոմ Ուոթսոնն ու Ջերեմի Ռայթը հանգել են այն եզրակացության, որ խտրականությունը նրանց նկատմամբ, ովքեր հայկական անուններով ձգտում են մասնակցել եզրափակչին, բիծ է հանդիսանում հիանալի խաղի հեղինակության վրա: Բայց բավական դատարկ հայտարարությունների հետևում թաքնված է կարևոր քաղաքական հարց. ի՞նչ անել Եվրոպայի և Ասիայի մեջտեղում առավել արմատացած էթնիկ հակամարտության հետ»,- գրված է հոդվածում:

Թերթն անդրադարձել է խորհրդային տարիներին հայերի և ադրբեջանցիների՝ իրար կողք-կողքի ապրելուն, այնուհետև 1980-ական թվականների վերջերից սկսված խնդիրներին: Անդրադարձ է կատարվել Նախիջևանի խնդրին, Արցախյան պատերազմին, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«1994թ. կրակի դադարեցումից հետո խաղաղություն չհաստատվեց: Այսօր էլ անմեղ մարդիկ են զոհվում շփման գծում»,- հիշատակելով նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի մասին՝ հայտնել է թերթը:

Պարբերականի հոդվածագիրը նշել է, որ այս հակամարտությունում հասունացել է առաջընթացի, եթե ոչ վերջնական լուծման ժամանակը, և Մխիթարյանի հետ կապված խնդիրը կարող է դրա համար լուրջ խթան հանդիսանալ:

«Մխիթարյանի հետ կապված դեպքը և Եվրոպա լիգայի եզրափակիչը չպետք է անտարբերության մատնվեն»,- գրել է թերթը:

Եվրոպա լիգայի առաջնության եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: Իրար դեմ կմրցեն անգլիական «Չելսին»-ին ու «Արսենալ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս