«Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը». Արթուր Վանեցյան

«Թոխմախի Բաբոյի հետ ես ծանոթ եմ դեռևս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր: Ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: «Վստրեչի Ապերը»՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ, գործնական: Այսինքն՝ ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին, որ քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի:

Ըստ նրա՝ Իոաննիսյանի խոսքերն իր ծիծաղն են առաջացնում. «ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում, կոնկրետ օրենքների շրջանակներում»:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն քննչական վարչությունում է, կատարվում է նախաքննություն:

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ իրեն համեմատելու մասին խոսակցություններին՝ Ա.Վանեցյանը հարցադրում արեց. «Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է, եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տալ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 % ինձ տվե՞լ է»:

Ըստ նրա՝ ինքն իր դեմ գործ կհարուցի, եթե կոռուպցիոն հանցագործության մեջ իր ներգրավվածության մասին մի քիչ հիմնավոր փաստ բերվի:

Սաշիկ Սարգսյանին 50 %-ների մուծման մասին Ա. Վանեցյանը նշեց, թե ինքը չի հաստատել նման բան. «Դուք փոքր ժամանակ КВН-ում խաղացե՞լ եք: Եթե Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն և ավելի դոլար, որևէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ նախկինում ևս ունեցել է այդ տեղեկությունները, բայց քաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել. «Այդ հարցերի պատասխանները կունենաք առաջիկայյում՝ ծառայողական քննությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս