
«Ինչ-որ տեղ սա համեմատելի է այն երկրների հետ, որտեղ արյունահեղություն է եղել». Դանիել Իոաննիսյանը՝ անցումային արդարադատության մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դրական է գնահատում Հայաստանում անցումային արդարադատության մասին քննարկումների վերսկսումը: 168.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ միջազգային փորձագետները ներգրավված կլինեն այս գործընթացում, քանի որ Հայաստանում որևէ մեկն անցումային արդարադատության փորձ չունի:
Հարցին, թե որքանո՞վ է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզայի փորձը կիրառելի մեր երկրում, երբ նա աշխատել է Նեպալում, Հարավային Աֆրիկայում, Իրաքում և այլ այնպիսի երկրներում, որտեղ արդյունահեղություններ են եղել, Դ.Իոաննիսյանը պատասխանեց.
«Անցումային արդարադատությունը պարտադիր չէ, որ լինի այն երկրներում, որտեղ եղել են արյունահեղություններ, պատերազմներ: Անցումային արդարադատությունը պետք է լինին այն երկրներում, որոնք ինչ-որ ժամանակաշրջան չեն ունեցել արդարադատության համակարգ, դրա արդյունքում բազմաթիվ անարդարություններ են եղել, և խնդիր կա այդ անարդարությունների հետևանքների վերացման: Այս առումով ինչ-որ տեղ սա համեմատելի է այն երկրների հետ, որտեղ արյունահեղություն է եղել»:
Դ.Իոաննիսյանը նշեց, որ Հայաստանի պարագայում եղել է ռեժիմ, որի ժամանակ չի եղել նորմալ արդարադատություն և հիմա հույս կա, որ կլինի: