Բաժիններ՝

Ճանապարհաշինության անորակ նախագծերը Փաշինյանը համեմատեց «Կարգին հաղորդման» սկետչերից մեկի դրվագի հետ

«Մենք այս ընթացքում բախվում ենք պրոբլեմների հետ, որոնք մեծ հաշվով չեն երևում։ Պարզվում է՝ ՀՀ-ում կա որակյալ նախագծողների պրոբլեմ, որոնք բերում են նախագծեր, բայց պարզվում է՝ դրանք պիտանի չեն։ Պարզվում է՝ մեր երկրում կա որակյալ ճանապարհային նորոգում իրականացնելու խնդիր, մեր երկրում կան պրոբլեմներ մրցույթ հաղթելու մեջ մասնագիտացված ընկերությունների, բայց որոնք ի վիճակի չեն այդ խնդիրները կատարելու»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ հավանաբար նախկինում ինչ-որ սխեմաներ են գործել, որոնց շրջանակներում են մարդիկ գործել: Օրինակ, ըստ նրա, այսօր մոտավորապես 35 մլն դոլար հատկացվում է ճանապարհաշինությանը, և ամեն անգամ քննարկելիս սթրեսի են ենթարկվում՝ կարողանալո՞ւ են այդ գումարը ծախսել և ունենալ ճանապարհ.

«Մենք ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք։ Բայց սև ցուցակի ընկերությունների թիվն ավելանում է, սպիտակ ընկերություններինն այդքան էլ չի ավելանում»։

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝ անորակ աշխատանք անողներին են սև ցուցակ գցում։ Ըստ նրա՝ իրենք գնում են խնդիրները լուծելու ճանապարհով, և մի օր այդ ճանապարհը պետք է անցնել, այլապես համակարգ չի կառուցվի.

«Մենք հետևողականորեն այս մարդկանց բերած նախագծերը նայում ենք՝ չներելով ոչ մի սխալ, հետ վերադարձնելով, գնում են, նորից են անում, նորից են գալիս։ Եթե չեն հասցնում, մենք կասեցնում ենք պայմանագրերը և գցում ենք սև ցուցակ»։

Վարչապետը նկատեց, որ դեպքերի մեծամասնությամբ մարդիկ ուղղակի չեն հավատում դրան, և փոխանակ հետ տրված նախագծերն ուղղեն, մտածում են, թե այդ նույն նախագիծը որ ճանապարհով բերեն, որ ընդունվի։

«Սա է մեծագույն պրոբլեմներից մեկը։ Ես վստահ չեմ, որ կհասկանան, մի անգամ ԱԺ-ում  «Կարգին հաղորդման» սկետչի մասին ասել եմ պարոն Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում։ Ես միշտ գալիս եմ այն եզրակացություն, որ այդ սկետչին ինչ-որ կարգավիճակ պետք է տալ ՀՀ-ում, որովհետև այդպես է՝ վերջում գալիս է նրան, որ ասում են՝ շեֆ ջան, ոնց որ ըտենց տոչնի չէիր ասում։ Սա մշակութային մակարդակի պրոբլեմ է»,- ասաց Ն.Փաշինյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս