
«Մենք կուսակցության գործունեությունը չենք կապում Արտակ Զեյնալյանի պաշտոնի հետ». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քիչ առաջ տարածած հայտարարության մեջ դատապարտել է ՀՀ վարչապետի կոչով դատարանների մուտքն արգելափակելը և դատարանների գործունեությանը խոչընդոտելը:
«Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի»,- նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
168.am-ը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Արտակ Զեյնալյանը հրաժարական է տալու։
«Մենք կուսակցության գործունեությունը չենք կապում Արտակ Զեյնալյանի պաշտոնի հետ»,- պատասխանեց նա։
Դիտարկմանը, որ Ա. Զեյնալյանը կուսակցության հիմնադիր անդամ է, այսինքն՝ դա նաև իր տեսակետն է, իսկ այդ դեպքում ինչպե՞ս է նա շարունակելու պաշտոնավարել, Ա. Սարգսյանը նշեց. «Հայտարարությունը կուսակցության տեսակետն է»։