Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակումը վերացնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք անսալով իր կոչին, արգելափակեցին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։
Ըստ նրա՝ այդ ակցիայի նպատակն արձանագրելն էր, որ ՀՀ-ում կա իրապես անկախ դատական համակարգ ունենալու իրական պահանջը և արձանագրել, որ դրանում ժողովուրդն ու կառավարությունը միասնական է։
Նա նշեց, որ հիմա սկսվում են անկախ դատական համակարգին ուղղված կոնկրետ գործողություններ, որոնց վերաբերյալ քննարկումների արդյունքում աշխատանքի բաժանում է արվել կառավարության, ԱԺ, մարմիների միջև։
Ն.Փաշինյանի խոսքով՝ ակցիայի մյուս նպատակն էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ գոյություն ունի ընդհանրապես անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ.
«Եվ մենք բոլորս տեսնում էինք, որ ՀՀ-ում ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ, բողոքներ են տեղի ունենում, և շատ կարևոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումը՝ ի նպաստ անկախ դատական համակարգ ունենալու և արձանագրելու, որ այդ հարցում ժողովուրդն ու կառավարությունը չունեն հակասություն։ Այսօր կառավարությունը միացավ ժողովրդի պահանջին, թեև անջատված էլ չէր դրանից»։
Վարչապետը կոչ արեց՝ քանի որ ակցիան ծառայեց իր նպատակին, հիմա բոլորին կանհայտ է, որ չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդի իշխանությունից, բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտություններն արժանանալու են խիստ հակազդեցության, լինելու է համաժողովրդական, և մեր նպատակը իսկապես անկախ դատական համակարգ ունենալն է»։
Նշելով, որ այսօրվա ակցիայի պատճառով հետաձգված դատական գործեր են եղել, Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց և հույս հայտնեց, որ նրանք արձանագրում են, որ այս ակցիայի նպատակը նրանց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելը չէ, այլ այդ իրավունքների ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելն է, որ դա կախված չլինի որևէ կառավարության քմահաճույքից։
Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30-ին բոլոր դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակումը վերացնել։