«Ոստիկանությունը պետք է լինի չափազանց զգոն և աչալուրջ, հատկապես այս օրերին, երբ տարբեր տրամադրություններ կան դատարանի առաջ». Լիլիթ Մակունց
Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը զուգընթաց ընթացող ակցիաները՝ կողմ կամ դեմ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է սահմանադրական իրավունքի իրացում։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մակունցը, այստեղ որևէ մեկը չի կարող խնդիր տեսնել։
«Այլ հարց է, որ ոստիկանության կողմից պետք է լինի վերահսկողություն։ Ես հույս եմ հայտնում, որ որևէ օրենքից դուրս գործողություններ չեն կարող իրականանալ, որովհետև դա առաջին հերթին թույլ չեն տա իրավապահները։ Ինչ վերաբերում է բռնությանը՝ դրա ցանկացած դրսևորման մենք չենք կարող դրական վերաբերվել՝ անկախ նրանից, թե ում կողմից է դա դրսևորվում։ Ոստիկանությունը պետք է լինի չափազանց զգոն և աչալուրջ, հատկապես այս օրերին, երբ տարբեր տրամադրություններ կան դատարանի առաջ»։
Լ.Մակունցի կարծիքով՝ այդ ակցիաները դատարանի հանդեպ չեն կարող ճնշում լինել, քանի որ ակցիա իրականացնելը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, և նաև կա ընթացակարգ, որ, եթե դատարանը գտնում է, որ կա որևէ բան, որ կարող է ճնշում գործադրել դատարանի վրա, դիմում է իրավապահ մարմիններին, որպեսզի ակցիաներ տեղի չունենան։
Անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին՝ Մակունցը նշեց, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն հայաստանցի-ղարաբաղցի հակամարտություն չկա և չի կարող լինել. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, դա է մեր անվտանգության երաշխիքը՝ որպես երկու պետություններ և որպես մեկ ազգ»։