«Պատգամավորները խմբակցությունում բավականին ակտիվ և ինտենսիվ են աշխատում». Լիլիթ Մակունցը՝ 88 պատգամավորի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր գործունեության 6-ամսյա հաշվետվությունը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջին 100 օրը պետական համակարգում սովորաբար ուսումնասիրությունների փուլ է՝ հասկանալու հետագա քայլերը։
Հարցերը, թե՝ դուք ձեր աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, և արդարացվա՞ծ է 88 պատգամավորի ներկայությունը խմբակցությունում, Մակունցը պրովոկատիվ որակեց։
Ըստ նրա՝ վարչապետի կողմից որևէ դժգոհության առիթ չի եղել, կա հանրային մեծ սպասելիք քաղաքացիների կողմից, և իրենք ուզում են զգոն լինել, թե ինչ է արվում, ինչից են հետ ընկնում։
Նա նշեց, որ ԱԺ հանձնաժողովներում արդեն իսկ ռեֆորմային նախագծերի մեկնարկ է տրվել, և բավականին հետաքրքիր արդյունքներ կան։
«Պատգամավորների թիվն իրականում «Իմ քայլը» խմբակցության որոշումը չի եղել։ Մեր քաղաքական թիմի համար իրականում շատ ավելի նախապատվելի կլիներ, եթե ոչ միայն պատգամավորների թիվը քիչ լիներ, այլև խմբակցությունների քանակը շատ լիներ խորհրդարանում, և այս առումով մենք քայլեր անելու ենք, որպեսզի ավելի օպտիմալ լուծումների հանգենք։
Իսկ պատգամավորներն «Իմ քայլը» խմբակցությունում, վստահեցնում եմ ձեզ, բավականին ակտիվ և ինտենսիվ են աշխատում թե՛ քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների առումով, թե՛ քաղաքացիների հետ, թե՛ հանրային քննարկումներում, նախաձեռնություններում, աշխատանքային խմբերում։ Այնպես որ, բավականին ծավալուն աշխատանք է կատարվում»,- ասաց Լ.Մակունցը։