«Իրավիճակն այնպիսին է, որ միշտ էլ կա վտանգ, որ լարվածության աճ կլինի». Ռուբեն Ռուբինյան
«Մեզ համար էլ սկզբունքային է, որ Արցախը վերադառնա բանկացային սեղանի շուրջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն սկզբունքորեն դեմ է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։
Ըստ նրա՝ հայկական կողմի հետագա քայլերի վերաբերյալ քննարկումներ միշտ կան։ Հարցին՝ բանակցությունները մտել են փակուղի՞, Ռուբինյանը պատասխանեց.
«Ոչ, ես կարծում եմ՝ բանակցությունները կամ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը մի քայլանոց երևույթ չէ, և պետք չէ ամեն հանդիպումից կամ ամեն տարաձայնությունից հետո ակնկալել, որ բանակցությունները կամ խոսակցությունները մտել են փակուղի։ Կա գործընթաց, մենք ունենք դիրքորոշումներ, մենք ունենք սկզբունքներ, և մենք այդ դիրքորոշումները և սկզբունքները հետևողականորեն ներկայացնում ենք թե՛ միջնորդներին, թե՛ այլ բարեկամ պետություններին, թե՛ Ադրբեջանին, և թե՛ բոլորին»։
Սահմանային լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության վերաբերյալ Ռ.Ռուբինյանը նշեց, որ կա գործընթաց այդ ուղղությամբ, կա ուղիղ կապ կողմերի միջև, ինչը թույլ է տվել վերջին ամիսներին նվազեցնել լարվածությունը։ Դիտարկմանը, որ կրկին լարվածության աճ կա, Ռուբինյանը համաձայնեց. «Այո, և պարբերաբար այդ ուղիղ կապի միջոցով խոսում են կողմերը։ Բնականաբար, իրավիճակն այնպիսին է, որ միշտ էլ կա վտանգ, որ լարվածության աճ կլինի»։