
Վաչե Տերտերյանը քաղհասարակության հետ քննարկել է ըստ ՀՀ-ԵՄ համաձայնագրի գյուղական համայնքների զարգացման ճանապարհային քարտեզը

ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մայիսի 16-ին քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս 5-րդի «Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը» գլխի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Տերտերյանը շահագրգիռ մասնագիտացված շրջանակներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով ԵՄ չափորոշիչներին ՀՀ գյուղական համայնքների դինամիկ մոտարկման ռազմավարությունը և նկատել, որ Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով համայնքների միավորման գործընթացը բխում են հենց համաձայնագրի փիլիսոփայությունից։
Քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են ներկայացրել համաձայնագրի առանձին դրույթների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել շարունակական քննարկումների և շփումների միջոցով մասնակիցը դառնալ ճանապարհային քարտեզի մոնիթորինգի ու վերահսկողության գործում։