ԱԳՆ-ի պատասխանը՝ Էլմար Մամեդյարովի հայտարարություններին
Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը շուտով կփակվի։
«Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի»,- ասել էր նա:
168.am-ը ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սահմանի մասին է խոսքը։
«Չգիտեմ, պետք է իրեն հարցնել»,- ասաց Ա.Նաղդալյանը՝ կտրականապես հերքելով, որ ՀՀ-ի 2 բաց սահմաններից որևէ մեկը փակվելու սպառնալիքի տակ է։
Ի պատասխան դիտարկմանը, որ անցած տարի աշնանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով», Ա.Նաղդալյանը հիշեցրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն այդ առնչությամբ.
«Արտաքին քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: Թե այդ մարտահրավերներն ինչպես են արտահայտվում, ինչպես են կյանքում ի ցույց գալիս, բավական լուրջ հարց է: Ինչպես կընթանան զարգացումները և ինչպես դրանք կանդրադառնան Իրանի հետ մեր բնականոն հարաբերությունների վրա՝ պահպանելուն և զարգացնելուն, մեզ համար ամենակարևոր հարցերից է:
Եվ մենք այդ առումով աշխատում ենք մեր բոլոր այն գործընկերների հետ, որոնք ունեն դերակատարություն այս հարցում: Մեր հիմնական գերակայությունը եղել և մնում է նույնը. ապահովել Հայաստանի կենսական շահերը՝ համագործակցելով և աշխատելով այն գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն: Մեկնաբանությունը վերաբերում է, առաջին հերթին, մարտահրավերներին, այլ ոչ թե մտադրություններին՝ որևէ կողմից սահման փակել կամ բացել։
Խոսքը վերաբերում է ավելի շուտ մարտահրավերների խորությանը և տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի վրա: Այստեղ բավական զգայուն ենք: Այս առումով մենք, իհարկե, տանում ենք մեր համապատասխան աշխատանքները»։