Բաժիններ՝

Հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը խափանումներով է գործել. Եղել է դպրոց, որ մեկ մարդը 124 տեղը զբաղեցրել է

Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումն իրականացվել է բազմաթիվ փորձարկումներից հետո: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

Ըստ նրա՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ 9321 երեխա է հերթագրված, բայց տեխնիկական խնդիր է եղել շուրջ 100 երեխաների հետ կապված, քանի որ տեխնիկական ծանրաբեռնվածություն է եղել և ամբողջ համակարգով գրանցել հնարավոր չի եղել: Սակայն, ինչպես վստահեցրեց փոխնախարարը, այդ խնդիրներն արագ հարթվել են, և առաջին դասարանցիների կանխատեսվող ցուցանիշի 75-80%-ն արդեն հայտագրված է:

Անափիոսյանը նշեց, որ համակարգը ծանրաբեռնված է եղել, եղել է դպրոց, որ մեկ մարդը 124 տեղը զբաղեցրել է, բայց մինչև ժամը 10:00-ը բոլոր հնարավոր կրկնությունները վերացվել են:

Նրա խոսքով՝ նաև անվտանգության խնդիր է եղել, որ որոշ IP-ներից հնարավոր չի եղել գրանցվել, քանի որ խնամակալներից մեկը պետք է ՀԾՀ-ով գրանցվեր, բայց նույն ՀԾՀ-ով գրանցվելու 30 փորձ է եղել, համակարգն այն բլոկավորել է, բայց 5 րոպե հետո թարմացման դեպքում բլոկավորումը բացվել է:

«Կա դեպք, որ մեկ դպրոցի համար ունենք ամբողջ տեխնիկական խնդիրների 80%-ը: Այդ խնդիրները յուրաքանչյուրն ուսումնասիրվում է և անհատական լուծումներ կտրամադրվեն»,- ասաց փոխնախարարը:

Տ.Ավինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ տոկոս է խափանվել, այն բավականին լո՞ւրջ է:

«0.7%-ն է խնդիր ունեցել, միաժամանակ 80%-ն արդեն գրանցվել է, ինչը լավ ցուցանիշ է»,- պատասխանեց Անափիոսյանը:

Նա նշեց, որ դպրոցներից, ուսուցիչներից, ծնողներից շնորհակալություններ ունեն, որ առանց տնից դուրս գալու կարողացել են իրենց ուզած դպրոցում գրանցել երեխային:

«Սրանով, փաստորեն, վերջ դրեցինք այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք, կփոխի մշակույթ, որ կա օրենք, և քաղաքացիները հավասար են այդ կարգի ու օրենքի առաջ»,- հավելեց փոխնախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, թե համակարգն այսուհետ անխափան կաշխատի, ու ծնողները կկարողանան իրենց երեխաներին հեշտորեն գրանցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս