«Դա մենք երևի գործողությունների մեջ կտեսնենք»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտի, թե ովքեր են Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծվող ալյանսի մեջ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, թե ինչ-որ անհատներ է տեսնում, լրատվական ծառայությունների աշխատակիցներ, իսկ քաղաքական կոմպոնենտը հայտնի չէ, թեև չի բացառվում, որ գուցե այդպիսի միավոր ստեղծվել է այս ամիսների ընթացքում մեկուսարանում, բայց դրա մասին որևէ հաղորդագրություն չկա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում լայն ճակատ բացելուն, ապա, Ա.Քոչարյանի կարծիքով, ընդդիմադիր դաշտն արտացոլված է խորհրդարանում՝ հանձինս «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի», որոնք ֆիքսված են ընտրությունների արդյունքով: Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնք նման գործունեություն են ծավալում, Ա.Քոչարյանի համար առայժմ տեսանելի չեն: «Եթե ստեղծվի, և հստակ հայտարարություն լինի, այն ժամանակ մենք կհասկանանք՝ ինչ նպատակներ է հետապնդում այդ ալյանսը՝ միտված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ուժեղացնելո՞ւն, թե՞ երկրի քաղաքական դաշտն առողջացնելուն և անվտանգության համակարգն ուժեղացնելուն: Դա մենք երևի գործողությունների մեջ կտեսնենք: Այս պահին տեսնում ենք դահլիճային հանդիպումներ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ընտանիքի անդամների, իրենց կողմից գուցե վերահսկվող լրատվական ծառայությունների միջև»,- ասաց Ա.Քոչարյանը:

Անդրադառնալով Ռ.Քոչարյանի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության մեկնարկին և փաստաբանների հայտարարությանը, որ մեղադրանքի հիմք չկա՝ Ա.Քոչարյանը նշեց, որ փաստաբանները պետք է հենց այդպիսի տեքստ հնչեցնեին, որ միգուցե քաղաքական է, բայց իրենք ստանում են շատ բարձր հոնորարներ հենց այդպիսի հայտարարություններ անելու համար:

«Կարծում եմ՝ դատավարության ամբողջ ընթացքում պարզ կերևա, թե ինչ ապօրինի որոշումների արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը, և ունեցանք 10 զոհեր: Բայց փաստաբանական խումբը շեշտը դնում է, որ, եթե այս պահի դրությամբ չեք հայտնաբերել 10 սպանություններից որևէ մեկը, դուք իրավունք չունեք Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ մեկին մեղադրանք առաջադրել: Դրա համար ես հիշեցնում էի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարության ժամանակ որոշում կայացնողներին դատեցին, իսկ զինվորները, որոնք հրաման կատարողներն էին, հայտնվեցին ամնիստիայի կարգավիճակում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սպանությունների բացահայտման մասով որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ առնվազն «Չերյոմուխայի» կրակոցների հարցում անմպայման կլինի առարկայական բացահայտում:

Համլետ Թադևոսյանի մահված հանգամանքների հետ կապված՝ Ա.Քոչարյանը խորհուրդ տվեց փաստաբաններին՝ ուշադիր կարդալ փաստահավաք խմբի առաջին զեկույցը, որտեղ հարց կա՝ ինչո՞ւ փորձագետը Թադևոսյանի մարմնից չի առգրավել բեկորները. «Չի առգրավել, որովհետև դա այն բեկորը չէր լինելու, որը քաղաքական նպատակներից ելնելով՝ Գլխավոր դատախազության ու քննչական խմբի կողմից ներկայացվում էր՝ որպես ցուցարարների կողմից նետված F1 տեսակի նռնակ՝ չգիտակցելով, որ, եթե այդ խտության մարդկանց բազմության մեջ F1 տեսակի ռազմական նռնակ նետվեր, մենք կունենայինք ոչ թե տասնյակ վիրավորներ, այլ մենք կունենայինք տասնյակ զոհեր: Փաստահավաք խմբի հարցին՝ ինչո՞ւ չեք առգրավել բեկորները, փորձագետն անհեթեթ պատասխան է տվել, թե չեն ուզեցել վնասել մարմինը»:

Ա.Քոչարյանը նշեց, որ այլ բազմաթիվ հանգամանքներ կան, որ կբացահայտվեն: Փաստաբանների պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը մինչև 8:30 քնած է եղել, պատգամավորը հակադարձեց, որ չեն բացատրում, թե ինչու է քնած Քոչարյանի կողքից բացակայում իր անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը, որը գնացել էր ղեկավարելու առավոտյան գործողությունները և այդ ընթացքում իրեն թույլ էր տվել ձեռքերը ոլորելով մեկուսացնել Առաջին նախագահին:

Տեսանյութեր

Լրահոս