«Այդ ալյանսը ձևավորողներն ուղղակի սխալ հաշվարկ են կատարել». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բացառում է որևէ համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված ալյանսի հետ։
«Նույնիսկ առանց որևէ քննարկում ունենալու ես բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի որևէ ուժի հետ: Այդ ալյանսը ձևավորողներն ուղղակի սխալ հաշվարկ են կատարել։ Ռոբերտ Քոչարյանը և նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների վստահությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա:
Ըստ Գորգիսյանի՝ նրանք ուղղակի թերագնահատում են մեր քաղաքացիներին՝ կարծելով, որ մարդիկ չունեն հիշողություն և չեն հասկանում ինչ է արել ժամանակին Ռոբերտ Քոչարյանը.
«Քաղաքացիներն ունեն հիշողություն, առնվազն մենք թույլ չենք տա մոռանալ Քոչարյանի և նրա թիմակիցների, նախորդ ռեժիմի այն թերացումները, որոնց պատճառով երկիրը հասել էր ծայրաստիճան վատ վիճակի, որ ստիպված եղանք փողոցային պայքարի միջոցով երկրում փոփոխություններ բերել»։
Գ.Գորգիսյանի կարծիքով՝ նման գործընթացը սպասելի էր, քանի որ ընթանում է Քոչարյանի դատավարությունը, և այս ամբողջ քաղաքական գործընթացը միտված է նրա՝ բանտ չնստելուն կամ սեփական ունեցվածքը պահպանելուն։