«Մեր օրակարգում նման հարց չկա». Իվետա Տոնոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը և շարժվում է ըստ դրա: Որևէ այլ անձի կամ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին, Ի.Տոնոյանը նշեց, որ դա բացառապես իրենց գործունեության դաշտն է.

«Մենք շարժվում ենք մեր օրակարգով, և որևէ մեկի հետ ալյանսի հարց չի քննարկվել: Մեր օրակարգում նման հարց չկա»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե Արցախը դարձնեն հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը կդարձնի հեղափոխության օջախ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ Արցախն անկախ հանարպետություն է, և այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, իրենք հետևում են, բայց նմանատիպ ձևակերպումներից զերծ կմանան.

«Պետք է լինել չափազանց ուշադիր և զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններից: Արցախի Հանրապետությունը բոլոր ինստիտուցիոնալ գործիքակազմով գործում է: Թե ինչ միտում ունի Ն. Փաշինյանը, ինքը կասի»:

Տեսանյութեր

Լրահոս