Գագիկ Ծառուկյանին պատկանող 3 ընկերություններ 5 հայց են ներկայացրել ՊԵԿ-ի դեմ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից 3 ընկերություններ են դիմել դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել:
«Մուլտի-Լեոն» ընկերությունն այս տարվա հունվարի 8-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՊԵԿ-ի ԽՄՎՀ տեսչություն-վարչության պետ Ա. Հովհաննիսյանի 17.12.2018 թվականի թիվ 6 և 7 որոշումները: Առաջին ատյանը մերժել էր դիմումի ընդունումը, սակայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին վարչական դատարանի որոշման դեմ «Մուլտի-Լեոն» ընկերության ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսինքն՝ գործը քննվելու է ըստ էության:
«Մուլտի-Լեոնի» երկրորդ հայցը ներկայացվել է մարտի վերջին: Ընկերությունը պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքում ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կազմած 17.01.2019թ. թիվ 3000858 ակտը: Նախնական դատական նիստը նշանակված է մայիսի 23-ին:
«Մուլտի գազ» ընկերության առաջին հայցը՝ ՊԵԿ որոշումն անվավեր ճանաչելու մասին, վարչական դատարանը մերժել է ընդունել վարույթ, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել է այդ որոշումը, և գործը նոր քննության է ուղարկվել մայիսի 2-ին:
«Մուլտի գազի» երկրորդ հայցն ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքով ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության կազմած 21.01.2019 թվականի թիվ 3001387 ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու /վերացնելու/ պահանջի մասին է: Դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 13-ին:
«Մուլտի Սերվիսն» ապրիլի 19-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության` 18.02.2019 թ. թիվ 3001612 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Առաջին նիստը նշանակված է հունիսի 18-ին:
Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը, հայցադիմումներից որևէ մեկում նշված չէ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ 33 կազմակերպությունների գազալցակայանների շարքում, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել, կան նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, որոնց վերաբերյալ արձանագրությունները դեռևս անցյալ տարի են ամփոփել: