Հայաստանի և Կորեայի հանրապետությունների ԱԳ գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ում մայիսի 10-ին կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը՝ Տոկիո):
«Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը և այլն։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները:
Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումից հետո շեշտակի աճել է Կորեայի Հանրապետությունից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարը, ինչպես նաև կարևորեց Կորեայի Հանրապետության՝ որպես բարեկամ պետության առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում: Կորեական կողմը բարձր գնահատեց անցյալ տարվա հոկտեմբերին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը: Կողմերը հույս հայտնեցին, որ համաձայնագիրը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների աճի համար: Մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության առավել խորացմանն և ընդլայնմանն ուղղված գործնական քայլերի շուրջ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Սոնգ Ունգ Յոբի հետ: Կողմերը քննարկեցին Կորեայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները ՏՏ, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, աղքատության նվազեցման և այլ ոլորտներում:
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրին համայնքի խնդիրները և տեղեկացան Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: