Բաժիններ՝

«Կովկասյան ընձառյուծները բնակա՞ն ճանապարհով են եկել, ինչո՞ւ են մեկ տարի առաջ եկել, ո՞ւր էին մինչև այդ». Նիկոլ Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանին

Հայաստանում քանի՞ կովկասյան ընձառյուծ կա։ Այս հարցն այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Վերջինս տեղեկացրեց, որ մոնիտորինգի տվյալներով՝ 8-12 կովկասյան ընձառյուծ կա, որոնցից մի քանիսը բնության հատուկ պահպանվող տարածքներում են, մասնավորապես՝ «Արևիկ» ազգային պարկում, շուրջ մեկ տարի՝ նաև Խոսրովի արգելոցում։

Ն.Փաշինյանի հարցերին՝ դրանք բնակա՞ն ճանապարհով են եկել, ինչո՞ւ են մեկ տարի առաջ եկել, ո՞ւր էին մինչև այդ, Է.Գրիգորյանը պատասխանեց, որ մինչ այդ երբևէ Խոսրովի արգելոցում չի ֆիքսվել Կովկասյան ընձառյուծ, իսկ քանի որ նա սննդային շղթայի գագաթն է, նրա առկայությունը ենթադրում է շղթայում ավելի ներքև գտնվող կենդանատեսակների առկայություն՝ բեզոարյան այծեր, մուֆլոններ և այլ կենդանիներ. «Նա ինդիկատոր է հանդիսանում, որ առնվազն այդ տարածքներում կենսաբազմազանությունը գտնվում է բավարար վիճակում»։

Նախարարի կարծիքով՝ այդ կենդանու որսի համար 3 մլն դրամը սիմվոլիկ գումար է, իրենք առաջարկում են 100 մլն դարձնել։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով՝ պոպուլյացիան վերականգնելու համար ընդհանրապես պետք է Հայաստանում դրա որսը 3-5 տարով արգելել.

«Ես, 6-7 տարի է, չեմ գնացել որսի, և միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք արգելենք առհասարակ որսը ոչ միայն՝ օրենքներով, այլ նաև որսորդական պատրոնների ներմուծման ժամանակավոր արգելք դնենք։ Գնում են և անկանոն որս են անում ցանկացած սեզոնի, վերահսկելը շատ դժվար է» ։

Համաձայնելով Վանեցյանի հետ՝ Ն.Փաշինյանը նշեց, որ խնդիրը պետք է շատ լուրջ ուսումնասիրել ու բազմակողմանի մոտենալ, քանի որ ՀՀ-ն բացառիկ հարստություն ունի, որի մի մասը ոչնչացման եզրին է։

Ըստ նրա՝ պետք է հանրության վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել. «Պարոն Վանեցյանի մտահոգությունը ես հասկանում եմ, որովհետև սողանցքներ են լինում զենքով անտառ մտնելու, և շատ դեպքերում դեմներն ինչ դուրս է գալիս, խփում են։ Եկեք մասնագիտական ուսումնասիրություններ անենք, մասնագետների կարծիքն էլ լսենք»։

Է.Գրիգորյանը հաստատեց, որ այն, ինչ որսի անվան տակ կատարվում է Հայաստանում, ուղղակի կենդանիների ու թռչունների ոչնչացում է.

«Այս պահին իրավապահներն արդեն ուսումնասիրում են նաև ժամանակավոր արգելքի հնարավորությունը, բայց կան կենդանիներ, օրինակ՝ շնագայլեր, որոնց հետ կապված որոշակի սահմանափակումներ կան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս