«Օրենսդրական նախաձեռնությունը լուրջ ռիսկեր է պարունակում կրթական համակարգի համար». Սերոբ Խաչատրյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է՝ պետությունն աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից կփոխհատուցի տվյալ ուսանողի ուսման վարձը։ Նախագծով՝ պետությունը կվճարի այն ուսանողների վարձերը, որոնց ՄՈԳ-ը բարձր է։ Թեման այսօր քննարկում էին կրթության ոլորտի ներկայացուցիչները։
«Այսպիսի համակարգեր կան մի շարք երկրներում։ Մեզ մոտ մի փոքր այլ է՝ մենք ավելի թիրախային ենք փորձում դարձնել այդ եկամտահարկը։ Մի շարք երկրներում ուսանողները պարզապես շաբաթական որոշակի սահմանափակ աշխատաժամանակ աշխատելու դեպքում ընդհանրապես ազատված են եկամտահարկից, մեզ մոտ մենք նախատեսում ենք ոչ թե ուսանողին ազատել հարկերից, այլ այն ուղղել ուսանողի ուսման վարձին»,- նշում է օրինագծի շուրջ քննարկմանը ներկա՝ օրինագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը ռիսկեր է պարունակում։ Ռիսկերից նշում է բացակայությունների առկա խնդիրը, որը, ըստ նրա՝ կխորանա այս օրինագծի ընդունման պարագայում։
«Հայաստանի Բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվ մեկ խնդիրը կապված է հաճախումների հետ։ Պատճառները տարբեր են… և սրա արդյունքում ուսանողների ու բուհերի միջև կայացել է կոռուպցիոն լուռ համաձայնություն. մենք գնանք աշխատենք, բերենք մեր վարձերը տանք, դուք էլ ձեր աշխատավարձը ստացեք։
Այս իրավիճակում, եթե մենք բերում ենք մի օրինագիծ, որը մոտիվացիա է տալիս լրացուցիչ աշխատելու, սա կարող է իրավիճակն ավելի սրել, և այն ուսանողները, որոնք չեն աշխատում, իրենք կարող են մտածել՝ ես էլ գնամ աշխատեմ…»,- ընդգծում է Սերոբ Խաչատրյանը։
Կրթության փորձագետը գլխավոր ռիսկերից է համարում նաև ուսանողի հանգամանքն օգտագործելը. «Բազմաթիվ մարդիկ, ովքեր արդեն ունեն բարձրագույն կրթություն, կարող են դառնալ ուսանող, որպեսզի եկամտահարկը ոչ թե գնա պետական բյուջե, այլ ծառայի իրենց»։
Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն օրենսդրական նախաձեռնության գաղափարը ողջունում է և շեշտում, որ նախարարությունում նախագիծը բուռն քննարկումներ է առաջացրել։
«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն անդամ Դավիթ Պետրոսյանը նույնպես ողջունում է նախաձեռնությունը՝ նշելով, որ դրանով կթեթևանա ուսանողների վարձեր տալու բեռը: Լավ այլընտրանք է, բայց ռիսկեր նույնպես կան:
«Բանակից հետո տղաները շատ են ցանկանում աշխատել, բայց ես, միևնույն ժամանակ՝ տեսել եմ, որ աշխատելն ուսման վրա շատ վատ է ազդում: Ունեցել եմ ընկերներ, որոնք բանակից եկել են, շատ մեծ ցանկություն են ունեցել սովորելու, բայց վարձը տալու հետ կապված խնդիր են ունեցել: Եթե մարզից են լինում, տան վարձի խնդիր են ունենում: Իրենք գնում են գիշերն աշխատում են, աշխատավարձը տալիս են տան վարձ, իսկ դասերին էլ ուշադիր չեն, կամ քնած են: Ու սա ազդում է և քննությունների, և մթնոլորտի վրա:
Կարծում եմ՝ կարիք կա ավելի լայն քննարկումների, կարիք կա, որպեսզի բուհերն արտահայտվեն, ուսխորհուրդները պետք է կարծիք հայտնեն: Հետազոտության կարիք ունենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը:
Նախագիծն արդեն ուղարկվել է Կառավարություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան