
«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով: Այս խոստովանությունը նա արել է ապրիլի 25-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ազգային բանավեճերի արդյունքներին։
«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից,- ասել է Մակրոնը ի պատասխան լրագրողի հարցի:- Ինձ համար կարեւոր է ներկայիս մանդատը, ուստի հաջորդ ընտրություններով չեմ զբաղվում»:
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսին: 39 տարեկան հասակում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն է դարձել Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ: Մակրոնի մամուլի ասուլիսը նվիրված էր այն բարենորոգումներին, որոնք կառավարությունը պլանավորում է իրականացնել ի պատասխան «դեղին բաճկոնավորների» շարժման սոցիալական բողոքների:
Դրա մասնակիցների մի մասը պահանջել է Մակրոնի եւ կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպի պաշտոնաթողությունը: Մամուլի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում Մակրոնը վերստին հանդես է եկել Շենգենյան գոտու բարեփոխման օգտին: Նրա կարծիքով՝ փախստականների բաշխման Դուբլինի համաձայնագիրն այլեւս չի աշխատում:
«Անհրաժեշտ է հիմնավորապես վերակազմել Շենգենը, նույնիսկ եթե դա հարկ լինի անել ավելի փոքր թվով երկրների մասնակցությամբ»,- ասել է Մակրոնը:
Նա Շենգենյան գոտու մի շարք պետությունների, չնշելով դրանց անվանումները, մեղադրել է միգրացիոն քաղաքականության բնագավառում «անբավարար համերաշխության» մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: