
Բակո Սահակյանը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: