Վարդենիսում երկրորդ գերեզմանատան տարածքում բարեկարգում է սկսվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկրորդ գերեզմանատունը, որը կրում է «Ալեքի գերեզմանատուն» անունը, աստիճանաբար վերածվում է հիմնական գերեզմանատան, որի կառուցապատումն արդեն դառնում է ժամանակի հրամայական:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Վարդենիս քաղաքի հիմնական գերեզմանատունը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, գործում է ավելի քան մեկուկես դար, ինչի արդյունքում էլ թաղումներ կատարելու համար նախատեսված տարածքները խիստ կրճատված են ու առաջացել է քաղաքի համար նոր գերեզմանատուն կառուցելու անհրաժեշտությունը. այդ նպատակով քաղաքային իշխանությունը ձեռնամուխ է եղել Ալեքի գերեզմանատան բարեկարգմանը:

«Այստեղ, իր նշանակությամբ երկրորդ գերեզմանոցում, առաջին թաղումը եղել է 1968 թվականին, որտեղ հուղարկավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Ալեք Մարտիրոսյանը: Այդ պատճառով էլ այն ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես Ալեքի գերեզմանոց: Տասնամյակներ շարունակ Ալեքը եղել է այդ գերեզմանոցի միակ թաղված հանգուցյալը, մինչդեռ վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ հուղարկավորված հանգուցյալների թիվը հասել է շուրջ հարյուրի: Հիմա մենք պետք է առաջին հերթին այն օրինականացնենք՝ փոխելով մոտ 3 հեկտար հողատարածքի գործառնական նշանակությունը:

Այդուհետ պետք է ցանկապատ կառուցենք, գերեզմանոցի երկայնքով մեկ ծառատունկ անենք, որպես պաշտպանիչ շերտ, պետք է ջրագիծ անցկացնենք, ճանապարհները հարթեցնենք: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է»,-հավաստեց Վարդենիս համայնքի ղեկավարը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ ապրիլի 13-19-ի ընթացքում քաղաքի հարավարեւելյան մասում տարածվող «Ալեքի» գերեզմանոցում իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ ամբողջ տարածքի ծառատունկ, հողային հարթեցում, շեբենապատում, ջրահեռացման աշխատանքներ եւ ջրատար խողովակների անցկացում, աղբի հավաքում եւ աղբահեռացում, ճանապարհների գծանշում, մուտքի եւ ելքի ճանապարհների որոշում:

Աշխատանքները իրականացվեցին Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մանուկյանի, համայնքապետարանի աշխատակազմի, «Բուդոյան եղբայրներ» մարզական միության տնօրենի եւ սաների, Վարդենիսի «Տուն-Ինտերնատի», «Գազպրոմ Արմենիա» կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղի, «Վեոլիա ջուր» ընկերության Վարդենիսի տեղամասի, համայնքային ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցների եւ համայնքի ավագանու անդամների ուժերով: Բոլոր տեսակի աշխատանքներն իրականացվել են բարեգործական հիմունքներով:

«Աշխատանքները կլինեն շարունակական: Մենք արդեն գերեզմանոցի երկարությամբ տնկել ենք 850 կանադական բարդի: Ծառատունկը կշարունակենք նաեւ առաջիկա օրերին: Գերեզմանոցի հարակից տարածքում որոշել ենք տնկել մինչեւ 15000 տարբեր տեսակի ծառեր՝ որպես քաղաքը քամիներից պաշտպանող շերտ: Գերեզմանոցի կառուցապատումը կլինի շարունակական, հիմնականում բարեգործական հատկացումների հաշվին: Շատ ենք կարեւորում ջրամատակարարման համակարգի կառուցումը, որպեսզի ապահովենք թե ծառերի ջրումը, թե գերեզմանոցի կառուցապատման շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս