Կարգավորման ինչ պրոյեկտ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը Մոսկվայում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող քաղաքական և փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել և բացահայտել ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման օրակարգը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու բանակցային հետագա գործընթացը։
Հատկապես նշանակալի էին նախարարական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Սակայն, ինչպես երևում է, սրանք այս հանդիպումների պաշտոնական՝ հրապարակային կողմն են։
Բացի հումանիտար բնույթի միջոցառումներ իրականացնելու պայմանավորվածություններից, հանդիպումն ուշագրավ քննարկումների առարկա է դարձել, քանի որ կազմակերպվել է Մոսկվայի նախաձեռնությամբ, որն առիթ է տվել մի շարք փորձագետների թարմացնել մեկնաբանությունները «Լավրովյան պլանի» առկայության և այլ ծրագրերի մասին։ Սակայն հետաքրքրականն այն է, որ այդ մեկնաբանություններն ամենևին էլ անհիմն չեն։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպմանը հաջորդած իր հարցազրույցներից մեկում ասել է, որ քննարկել են 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանը։ Ըստ նրա՝ այդ հանդիպման ժամանակ չեն կարողացել լուծել բոլոր խնդիրները, սակայն խորությամբ հասկացել են, թե ինչ խնդիրներ կան, ու ինչ պետք է լուծվի։
Այս թեմային անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը՝ ասելով. «Եթե ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այդ նիստի արդյունքներին նվիրված հարցազրույցներից մեկում հիշատակել է այն մասին, որ այդ առաջարկությունները քննարկվել են, 2016թ. առաջարկությունները։ Դրա համար էլ ես այստեղ ավելացնելու բան չունեմ ընդհանուր առմամբ։ Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք ընթանում են այն մոտեցումների հունով, որոնք ամրագրված են համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններով։
Դրանք ենթադրում են հենց իրենց՝ երկրների միջև պայմանավորվածությունների փնտրտուքներ՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա։ Ես պարզապես Ձեզ հրավիրում եմ նայել պետությունների ղեկավարների հայտարարությունների շարքին և ընդունված վերջին հայտարարություններին՝ ԵԱՀԿ-ում դեկտեմբերին ԱԳ նախարարների նիստի ժամանակ։ Այնտեղ շարադրված են աշխատանքի բոլոր բազային ուղղությունները։ Դետալները, իհարկե, կոնֆիդենցիալ են»:
Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում, որը մեջբերել էր ՏԱՍՍ գործակալությունը, նա կրկին շեշտել էր, որ գոյություն չունի «Լավրովի պլան», այլ գոյություն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներ, մի շարք փաստաթղթեր։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, քննարկվել է կարգավորման Կազանյան տարբերակը, և խոսքը Լավրովի ծրագրի մասին չէ, այլ ԵԱՀԿ ՄԽ ընդհանուր պրոյեկտի։
Ըստ նրա՝ գործընթացը վերադարձել է այդ ծրագրերին, և, ցավոք սրտի, որևէ ստեղծագործական մոտեցում չի ցուցաբերվել։ «Ցավոք սրտի, քանի որ ժամանակին այդ պրոյեկտը չի հաջողել, տապալվել է, պետք էր նորամուծություններ մտցնել, փոփոխել այն։
Հանդիպման նախօրեին խոսվել էր հետաքրքիր առաջարկների մասին՝ Սարսանգի ջրամբարի, Ստեփանակերտի օդանավակայանի ընդհանուր օգտագործման, ռազմագերիների տեսակցության, գյուղատնտեսական աշխատանքների ապահովման մասին, որոնց մի մասը քննարկվեց հանդիպմանն ու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Այս քայլ առ քայլ մոտեցումն ավելի արդյունավետ է, քան նման պրոյեկտների առաջմղումը, որոնց էությունը տարածքների վերադարձն է ինչ-որ բանի դիմաց։ Այդ մասին Մամեդյարովն է խոսել, ես կարծում եմ, որ դա այլևս անհեռանկարային պրոյեկտ է։ Նման պրոյեկտները պահանջում են մոդեռնիզացում։ Նախատեսվում է, որ հումանիտար ծրագրերը պետք է այս քննարկումներին զուգահեռ իրականացվեն։ Կազանյան պրոյեկտում և այլ փաստաթղթերում նման ծրագրեր չեն դիտարկվում։ Այդ հումանիտար պրոյեկտները, ինչպես և օպերատիվ կապի հաստատումը, խաղաղության մասին խոսակցությունները Փաշինյան-Ալիև անձնական հանդիպումների ձեռքբերումներն են, հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել Դուշանբեում, ԱՊՀ տարածքում։ Անկեղծ ասած՝ այն, ինչ Փաշինյանն էր իրականացնում, ավելի հեռանկարային էր, այսինքն՝ պայմանավորվում են և ինչ-որ քայլեր են ձեռնարկում, իսկ այս պրոյեկտը ներառում է աբստրակտ ծրագրեր, որոնք մի ժամանակ տապալվել են»,- ասաց Տարասովը։
Ռուս քաղաքական վերլուծաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ում առաջարկն է՝ վերադառնալ 2016 թվականի մոսկովյան ծրագրերին։ «Մոսկվան լռում է, ըստ էության, Մամեդյարովը տեղեկացնում է, հայկական կողմը պետք է արձագանքի դրան։ Տեղեկատվական պատերազմի ենք բախվում։ Եթե դա դիտարկվում է, պետք է հաստատում լինի բոլոր կողմերի կողմից»,- ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ դերակատարությանը՝ Տարասովն ասաց, որ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ։
«Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ: Մոսկվան միակ համանախագահը չէ, Մոսկվան համաձայնել է նախաձեռնել սա, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը՝ որպես միջնորդ, համաձայնեն օգտագործել Պուտինին, սակայն կա Մակրոնը, Թրամփը, այդ կողմերից որևէ առաջարկ և խոսք չի հնչում»,- ասաց Տարասովը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ այդ պրոյեկտի շուրջ քննարկումներն անհեռանկարային են։
«168 Ժամը» թեմայի առնչությամբ հարցեր է ուղղել նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, ումից չունեցանք պատասխան մինչև օրվա ավարտ։ Առաջիկայում կներկայացնենք ՀՀ պաշտոնական տեսակետը հանդիպման այն օրակարգի մասին, որից խոսել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։