
Ազգային ժողովում կրճատումների նոր փուլ է սկսվել

Ազգային ժողովում լարված իրավիճակ է: Աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած»՝ կրճատումների նոր փուլ է սկսվել:
Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը բոլորովին վերջերս աշխատանքից հեռացրել է սպասարկող անձնակազմի 3 աշխատակցի, որոնք, 168.am-ի տեղեկություններով, որևէ զանցանք կամ հանցանք չէին գործել, բարեխիղճ իրականացրել էին իրենց պարտականությունները:
Ընդ որում՝ հեռացման պատճառը օպտիմալացումը կամ տվյալ հաստիքների ոչ նպատակային լինելը չէ, որովհետև միաժամանակ ԱԺ կայքում հայտարարություն է տեղադրվել այդ թափուր հաստիքների մասին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի գլխավոր էներգետիկ (քաղաքացիական աշխատանք կատարող), նույն բաժնի 2 տեխնիկական օպերատոր (տեխնիկական սպասարկում իրականացնող):
Ընդ որում՝ սպասարկող անձնակազմից շատերին հիմնավոր ու անհիմն զգուշացումներ և նկատողություններ են արվում: Դրանով, կարծես, հող է նախապատրաստվում նոր կրճատումների համար: