Բաժիններ՝

Տասնհինգամյա Հոբ Ղազարյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարը կուղղվի նրա բազմանդամ ընտանիքի բարեկեցությանը

Գյումրեցի 15-ամյա նկարիչ Հոբ Ղազարյանի ընտանիքը բնակվում է տնակում. տաղանդավոր պատանուն ու նրա ընտանիքին սոցիալապես աջակցելու նպատակով բարերար Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին կազմակերպեց Հոբի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:

«Մենք փորձում ենք աջակցել այն ընտանիքներին, որոնք չեն հուսահատվում դժվարություններից և ցանկանում են առաջ գնալ: Փնտրում և գտնում եմ տաղանդավոր երեխաների, մարդկանց, որոնք շատ վատ պայմաններում են ապրում, այց շարունակում են պայքարել, ձգտում են աշխատել: Հոբի ներսում լույս կա, և նա իր կտավներում վառ գույներ է օգտագործում: Մեր հիմնադրամի միջոցով Հոբի ընտանիքի համար տուն ենք կառուցել, բայց այն շատ մեծ է ու տան համար անհրաժեշտ իրեր են հարկավոր: Ես նրանց առաջարկեցի գումար ուղարկել, պետք եղած բաները գնելու համար, բայց Հոբի ընտանիքի անդամները նշեցին, որ ավելի լավ է օգնենք իրենց վաճառել Հոբի կտավները և դրանցից ստացված գումարով սեփական ներդրումն ունենալ տանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Թերեզա Մխիթարյանը:

Անդրադառնալով «Բողբոջ» հիմնադրամի գործունեությանը՝ Մխիթարյանն ասաց, որ այն ստեղծվել է չորս տարի առաջ Շվեյցարիայում: Հայաստանում հիմնականում գործունեություն են ծավալում Տավուշում և Գյումրիում: «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ փոքր քայլերով հնարավոր է մեծ բաների հասնել, և ամեն ճանապարհորդություն սկսվում է առաջին քայլից: Հիմնադրամը Գյումրիում հիսուն բնակարան է գնել և 320 մարդու օթևան տվել: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում հիմնադրամը վերանորոգում է սահմանամերձ գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները:

Հոբ Ղազարյանը պատմեց, որ նկարել սկսել է վեց տարեկանից: «Սիրով եմ նկարում: Ջրաներկով ստեղծագործել ինձ սովորեցրել է իմ վարպետը՝ Սամվել Գալստյանը: Սիրում եմ բոլոր գույներն ու նախընտրում եմ պատկերել իրականությունը: Երազում եմ նկարիչ դառնալ և մեծ ցուցահանդեսներ կազմակերպել»,-ասաց Հոբը: Նա խոստովանեց, որ ցուցահանդեսում ներկայացրել է իր բոլոր աշխատանքները, որոնք իր համար թանկ են և որոնցից դժվարությամբ է բաժանվելու:

Հոբ Ղազարյանն ապրում է տնակում, Գյումրիում: Նա ունի 7 եղբայր ու քույր, երկու տատիկ և ծնողներ: Նա Աստծուց տրված շնորհ ունի. նկարում է ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջը և չնայած տնակում դժվար կյանքին, նրա նկարներում բարություն, ջերմություն ու լույս կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս