Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր
«Խարույկ» արշավական ակումբի նախաձեռնությամբ բազմաթիվ երիտասարդներ, մտավորականներ, Քառօրյայի մասնակից տղաներ Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին ու երթով շարժվեցին Եռաբլուր՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի:
Երթի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մոմավառություն կատարեցին, շուրջպար բռնեցին, այնուհետև Քառօրյայի զոհերի նկարները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Եռաբլուր:
«Միջոցառումը փորձում ենք ավանդական դարձնել Հայաստանում: Այս տարի որոշեցինք քայլել Ազատության հրապարակից: Հիմնական նպատակն այն է, որ հայերն իմանան Եռաբլուրի ճանապարհը, ճանաչեն իրենց հերոսներին»,- ասաց երթը նախաձեռնած «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը:
Նրա խոսքով՝ երթին միացել են բազմաթիվ մտավորականներ, երիտասարդներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները: