Ինչի են սպասում Փաշինյանն ու Ալիևը. Մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ինտրիգային է, սակայն իրականում՝ սառեցված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո:

Տարասովի խոսքով՝ այս ողջ գործընթացում շատ տարբեր ընդհատակյա հոսքեր կան: Առաջին շերտը, ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պահվածքն է ու բառապաշարը, նրանք այս անգամ ևս իրենց ավանդական բառապաշարն են օգտագործել, ողջունել են ղեկավարների հանդիպումները, ինչը միշտ անում են: Մյուս շերտը, նրա խոսքով՝ հակամարտող կողմերի ելքային դիրքորոշումներն են կարգավորման գործընթացում` Ադրբեջանը դեմ էր Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան, իսկ հայկական կողմը` կողմ, սակայն արդյունքն այն է, որ «Նիկոլ Վովաևիչը շարունակեց բանակցությունները, ինչպես Սերժ Ազատովիչը, տետ-ա-տետ,  նախկին ձևաչափով, այդ առումով ոչինչ չի փոխվել»:

«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այն գաղտնի է պահվում, բանակցային առարկան հայտարարություններում տեսանելի չէ, բայց ակնհայտ է նաև, որ խոսել են ինչ-որ բան, սակայն չի հայտարարվում, թե ինչ: Դա ինտրիգային է, մենք չենք տիրապետում տեղեկատվության, բայց կա կուլիսային որոշակի գործընթաց: Այստեղ մենք գործ ունենք հակամարտության բանակցությունների մեխանիզմի հետ: Ես վստահ եմ, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա համաձայնություն կարգավորման որոշ հարցերի շուրջ, կա ցանկություն՝ շարունակել այս գործընթացը, հստակ քննարկման առարկա կա: Արձանագրենք նաև, որ նրանք մտադիր են շարունակել հանդիպումները:

Գլխավորն այն է, թե ինչ է խոսում Փաշինյանն Ալիևի հետ: Այսօր, երբ Ալիևը հայտնեց տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ասելով նաև, որ նախկին ձևաչափով են շարունակվում աշխատանքները, նա կարծես հասկացրեց, որ ապագայում դա գուցեև փոխվի: Ակնհայտ է նաև, որ Ղարաբաղի մասնակցության հարցը քննարկվել է, որի մասին հուշում է գործընթացի տրամաբանությունը, կան որոշակի օրինաչափություններ:

1994 թվականի հրադադարի եռակողմ պայմանագրերից հետո ոչնչի չի հաջողվել հասնել բանակցային գործընթացում, բացի Մադրիդյան սկզբունքների մշակումից և ներկայացումից, ՄԽ-ն մարտի 9-ին հայտարարեց Մադրիդյան սկզբունքների մասին, այդտեղ նոր բան չկա, կանգնած իրավիճակ է, շարժ չկա, բայց ես ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում՝ փոխելով մթնոլորտը, հնարավոր է, որ Ալիևը ստիպված կլինի համաձայնել Արցախի մասնակցությանը, քանի որ այդպես է թելադրում կոնֆլիկտաբանության տեսությունը:

Մեկ ուրիշ հետաքրքիր հանգամանք, նրբություն կա. երբ նախկինները խոսում էին անկախության մասին, իսկ ներկա իշխանությունները ներկայումս Ղարաբաղը դիտարկում են առանձին, դա հեռանկար է բացում Ադրբեջանի համար, նա կարող է գնալ բանակցությունների Ստեփանակերտի հետ, ինչպես Ասադն Իսրայելի հետ, դրանով իսկ Ղարաբաղը հեռացնելով Երևանից կոպիտ ցանկության դեպքում, այս դեպքում  կարող է նոր հարթակ ձևավորվել: Սրա հաջողությունը կախված է նաև Հայաստան-Արցախ հարաբերություններից:

Հարց է` Ադրբեջանը պատրա՞ստ է աշխատել Ղարաբաղի հայերի հետ, թե՞ ոչ:  Կանխատեսումը հետևյալն է` ինչ-որ պատճառներով կա ներքին ճնշում կողմերի նկատմամբ, Փաշինյանն ու  Ալիևը կշարունակեն հանդիպումները, նախարարները կաշխատեն՝ ամեն երեք ամիսը մեկ հայտարարելով հերթական հանդիպման մասին, բայց գործընթացը գնում է սառեցման, որը ձեռնտու է Հայաստանին, իսկ Ադրբեջանը ներկայումս պատերազմ չի սկսի, քանի որ չկա արտաքին շահ ու աջակցություն, չեմ ցանկանում երկար թվարկել այդ պատճառները: Իրավիճակն ինտրիգային է, բայց սառեցված է: Ինքնուրույն այս երկու երկրները չեն կարող պատերազմ սկսել: Արտաքին աջակցություն է հարկավոր, որի պատվիրատուն չկա»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը սպասում են, փորձում են յուրաքանչյուրն իր դիրքորոշման հաջողության համար հարմար պահ գտնել: «Սակայն հանդիպման հանգամանքը դրական է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը փոխարինվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» դիրքորոշմամբ` Տարասովն ասաց, որ նա, ամենայն հավանականությամբ, դեռ լիովին չտիրապետելով բանակցությունների արդյունքներին՝ արել է հայտարարություն՝ այդ հանդիպմանը զուգահեռ:

«Դիրքորոշումները հասկանալու և մեկնաբանելու համար ես նախընտրում եմ հիմնվել առաջին դեմքերի բանակցությունների և դրանց արդյունքների վրա: Չեմ կարծում, որ սա լուրջ փոփոխություն է ենթադրելու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս