Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ անմիջապես շփում ունեցած 300 անձ պատվաստում է ստացել
Հայաստան կարմրուկի բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով պետությունը տարբեր քայլեր է իրականացնում: Մասնավորապես Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ սերտ շփում ունեցած մոտ 300 անձ է պատվաստում ստացել:
Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
«Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ունենք բերովի դեպքեր, և եթե մարդիկ չունեն պատվաստում, անպայման դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն: Ճշտվել է նաև բոլոր այն անձանց շրջանակը, ովքեր անմիջապես շփվել են այդ անձանց հետ՝ սկսած օդանավի անձնակազմից: Եվ բոլորին առաջարկվել են պատվաստումներ»,-ասաց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ համաճարակային իրավիճակից ելնելով բոլոր պոլիկլինիկաները, ամբուլատորիաներն ապահովված են համապատասխան քանակի պատվաստանյութով և այն անձինք, ովքեր չունեն առնվազն երկու դեղաչափ պատվաստում կարող են դիմել և պատվաստվել:
Հայաստանում այս տարի գրանցել է կարմրուկի բերովի 4 դեպք: 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր երկրում չեն գրանցվել: