«Այն հիմնարար փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի առանց Արցախի իշխանությունների մասնակցության, լավագույն ցանկությունների դեպքում մնալու է սեղանին»
Այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Խորհրդարանի ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ նախ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում, Արցախյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին:
Այնուհետև Խորհրդարանում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ այսօրվա հանդիպումը հերթական կարևոր արձանագրումն է ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
«Հուսով ենք՝ հագեցած օրակարգով հանդիպումները ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ առանձին հանձնաժողովներում, օգտակար և արդյունավետ հիմք կհանդիսանան ծանոթությունների և հետագա համագործակցության խորացման համար: ՀՀ ԱԺ-ի հետ հարաբերությունները Արցախի Խորհրդարանի համար առանձնահատուկ են բոլոր առումներով: ՀՀ Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության լայն ներկայացվածությունը ենթադրում է, որ քաղաքական ուժը խորհրդարանի գործունեության մեջ ունի ընդգծված դերակատարություն»,- նշել է Ա. Ղուլյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նախ դիմել է Արցախի ժողովրդին, ովքեր ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդական թավշա հեղափոխությանը և Հայաստանում նոր կառավարության ձևավորմանը:
«Լինելով ՀՀ նոր Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ իմ գործընկերների անունից ցանկանում եմ վստահությամբ հավաստիացնել, որ ՀՀ նոր ԱԺ-ն և կառավարությունն անում են և անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախի և Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված: Վստահ եմ՝ Արցախի հարցում մեր բոլորիս նպատակներն ընդհանուր են»,- ասել է Լ. Նազարյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև երեկ Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ դրան նախորդած կարևորագույն հայտարարությունը՝ Արցախի ձայնը բանակցություններում որոշիչ դարձնելու մասին, հնչել է Ստեփանակերտից: Հանդիպման մանրամասներն էլ վարչապետը վերադառնալուն պես անմիջապես կներկայացնի բոլորին:
«Մենք պետք է վերակառուցենք Հայաստանը և Արցախը կապող հազարավոր կամուրջները: Երկար տարիներ Հայաստանի և Արցախի միջև կապերը մեծամասամբ հաստատվել են քաղաքական շրջանակների միջոցով և միջնորդությամբ: Դրա արդյունքում ՀՀ և ԱՀ քաղաքներում և գյուղերում բնակվող մարդիկ բավարար չափով չեն մտերմացել: Այդ իսկ պատճառով ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փոխադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն ՀՀ գյուղերի և քաղաքների հետ»,- ավելացրել է Լ. Նազարյանը:
Իսկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ իրենց խմբակցության համար աշխատանքի մի քանի ուղղություն կա, այդ թվում՝ օրենսդրական տիրույթը, խորհրդարանական դիվանագիտությունը և վերահսկողական գործիքի կիրառումը:
Խմբակցության ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության հարթակում գերնպատակ է համարել Արցախի անվտանգությունը՝ նշելով, որ այն հավասարապես նաև ՀՀ անվտանգությունն է:
«Պատահական չէ, որ այսօր մեր խմբակցությունը Արցախում գտնվում է բոլոր հանձնաժողովների ներկայացվածությամբ: Հանձնաժողովների մեծ մասը ներկայացված են նախագահների գլխավորությամբ և, իհարկե, մի քանի առանձին պատգամավորներով: Կարևորում ենք առանձին ոլորտներում սերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երկու պետությունները, և ունենալու ենք շատ հստակ կարծիքներ»,- ասել է Լ. Մակունցը:
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ կարծում է, որ արցախյան հակամարտության կարգավորման համար կա մեկ բանալի՝ ժողովրդավարության բարձր մակարդակ:
«Մենք միասին կատարում ենք այդ գործառույթը և շարունակում ենք կառուցել ժողովրդավարական կառավարման մեր համակարգը: Չի կարող լինել ժողովրդավարություն առանց իրավունքի գերակայության ապահովման: Մենք ստեղծում ենք այդ համակարգի կարևորագույն բաղադրատարրը՝ օրենսդրությունը, որը պետք է երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը, երկրի անվտանգությունը և հետագա պետականաշինության հիմնական սկզբունքները: Պետք է ունենանք ավելի հավակնոտ օրակարգ»,- նշել է Վ. Վարդանյանը:
Արցախի խորհրդարանականների անունից ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նա անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտությանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել, սակայն Վիեննայից առաջ կայացած հեռախոսազրույցը մեսիջ էր՝ ուղարկված Ադրբեջանի նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե բանակցությունների ձևաչափը չեք ցանկանում վերականգնել, ապա ամեն մի հանդիպումից առաջ Արցախի իշխանություններն իրենց տեսակետը հայտնելու են բանակցային գործընթացում:
«Այն հիմնարար փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի առանց Արցախի իշխանությունների մասնակցության, լավագույն ցանկությունների դեպքում մնալու է սեղանին: Արցախի իշխանությունները ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունները: Սակայն պետք է փաստենք, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն փոխվստահության մթնոլորտում»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո աշխատանքները շարունակվել են մշտական հանձնաժողովներում: