Այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը. Դավիթ Բաբայան
Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում, խոսելով մարտի 29-ին Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման մասին, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նման հանդիպումներ պետք է լինեն շարունակական:
Ըստ Դ. Բաբայանի՝ համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է անպայման առաջին հերթին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը և շարունակել շեշտը դնել խաղաղության ու կայունության պահպանման գործին:
Խոսելով հումանիտար ոլորտում հետագա երկկողմ համագործակցության մասին՝ Դ. Բաբայանը մասնավորապես ասել է.
«Պաշտոնական Ստեփանակերտը ժամանակին առաջարկել է համագործակցության մի շարք քայլեր: Օրինակ՝ մոտ 10 տարի առաջ մենք առաջարկել ենք, որ զինադադարի խախտումները հատուկ ընդգծված ձևով տեղի չունենան տոն օրերին՝ ազգային, միջազգային, կրոնական և այլն. դրանք իրենց մեջ ներառում են մարդասիրական մոտեցումներ: Նաև ժամանակին մենք առաջարկել ենք հումանիտար ոլորտում տնտեսական նախագծեր իրականացնել, այն ևս մերժվել է Ադրբեջանի կողմից: Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այլընտրանքային ոչ պաշտոնական խողովակը նույնպես փակվել է: Եթե նախկինում՝ մինչև 2008 թվականը, եղել է եռակողմ հանդիպումներ, ապա նրա իշխանության գալուց անմիջապես հետո այն դադարեցվել է: Այս ուղղությամբ մենք պետք է շատ աշխատանքներ տանենք»: