Ուշագրավ նշանակում. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձը՝ մասնաճյուղի տնօրեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակերպության Արեւմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Արսեն Գաբրիելյանը:
Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:
Բանն այն է, որ փաստացի Գաբրիելյանին պատկանող ՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը երեք տարի շարունակ ներկայացվել է շատ ավելին։ Արդյունքում, ըստ ՔԿ հաղորդագրության, հափշտակվել է 95 մլն դրամ:
Այնուհետ գործը կարճվել է, քանի որ վնասն ամբողջությամբ հետ է վերադարձվել ՀԷՑ-ին: Այդ ժամանակահատվածում Գաբրիել յանը զբաղեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալի պաշտոնը եւ ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման աշխատանքները։
Ուշագրավ է, որ այդ տարիներին նույն ՀԷՑ-ը խոսում էր կորուստների 14 տոկոսի նվազեցման անհնարինության մասին, մինչդեռ այսօր դրանք 9 տոկոս են կազմում: Փաստացի «նոր Հայաստանում» պետական կառույցում պաշտոնի է նշանակվում անձ, ով, ըստ էության, ժամանակին օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնակի խոշոր չափերի հափշտակությամբ է զբաղվել:
Իսկ պետական վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմինները մշտապես խոսում են կոռուպցիայի ու արատավոր այլ երեւույթների դեմ պայքարի մասին, այդ թվում, ի դեպ, ԲԷՑ-ում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: