
Կանեփի «պլանտացիա» է հայտնաբերվել

Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Լուսադեմին բաժնի, մարզային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների ծառայողները զննեցին 73-ամյա Ժորա Ավետիսյանի տան բակը։ Ջերմոցատիպ շինությունում հայտնաբերվեց 414 հատ կանեփի բույս՝ ընդհանուր 12 կիլոգրամից ավելի քաշով։
Ջերմոցատիպ շինության մոտ էլ երկաթե տարա կար, որում նույնպես կանեփի բույսեր կային՝ ընդհանուր 1 կիլոգրամից ավելի քաշով։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ուղարկելու համար։ Հայր ու որդի 73-ամյա Ժորա և 41-ամյա Գարիկ Ավետիսյանները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Նրանք հայտնել են, որ կանեփը իրենք են աճեցրել ու մշակել՝ իրենց օգտագործման համար։
Դեպքի հանգամանքները պարզվում են։