
Ֆրանսիայի ափերին դելֆինների ռեկորդային անկում է գրանցվել

2019 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից Ֆրանսիայի ափեր են նետվել ռեկորդային թվով՝ 1100 սատկած դելֆիններ: Այդ մասին հայտնել է France 24 հեռուստաալիքը:
«Երբեք թիվն այսքան մեծ չի եղել: Միայն վերջին երեք ամսվա ընթացքում գերազանցվել է անցյալ տարվա ռեկորդը, երբ սատկած առանձնյակների թիվն ամենաբարձրն էր 40 տարվա ընթացքում»,-հայտնել են La Rochelle գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում:
Ծովային կաթնասունների զանգվածային անկումը կապում են արդյունաբերական ձկնորսության հետ այն դեպքում, երբ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստները Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունից պահանջում են գործարկել դելֆիններին փրկելու ազգային նախաձեռնությունը:
Մասնագետները նշում են, որ հայտնաբերված դելֆինների 90 տոկոսը սատկել է այն վերքերի պատճառով, որոնք ստացվել են արդյունաբերական ձկնորսների ցանցերն ընկնելիս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: