Բաժիններ՝

Իրար օգնել է պետք՝ խոսքով

Չափազանց արագահոս է մեր կյանքը. նրանում կա´մ կորցնում, կա´մ շահում ենք ամենակարևորը՝ ժամանակին արտահայտվելու կարողությունը:

Բոլորիս հետ, գոնե մեկ անգամ, պատահել է այնպիսի իրավիճակ, երբ ափսոսել ենք, որ չենք հասցրել ասել որևէ լավ ու դրական խոսք դիմացինին: Պատճառները տարբեր կարող են լինել. ոմանց դեպքում՝ անժամանակ ֆիզիկական կորուստ, մյուսի համար՝ սկզբունքայնություն, երրորդի համար՝ համապատասխան արձագանք չստանալու վախ և այդպես շարունակ:

Ցանկացած մարդ ձգտում է գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր ապահովում են դրական հույզեր, պարգևում՝ ժպիտ, հաղորդում՝ բարձր տրամադրություն:

Ամենևին պարտադիր չէ այս ամենը ապահովել նյութական նվերներով. ամենակարևոր նվերը ժամանակն է, որ հատկացնում եք մարդուն և ճիշտ ընտրված խոսքը, որ բուժում է մարդուն: Սովորեցրու լեզվիդ խոսել այն, ինչ սրտումդ է (Հայր Պիմեն):

Պատահական չէ, որ ասում են՝ լավ խոսքը ապրեցնում է մարդուն, վատը՝ սպանում: Խոսքը մեծ ուժ ունի, որովհետև որքան էլ մենք երկրորդենք և ասվածը լուրջ չընդունենք, կգա ժամանակ, երբ կգիտակցենք, որ մեր մի լավ խոսքը, մեր ջերմ վերաբերմունքը կարող էր փրկել դիմացինին:

Իրար օգնել է պետք՝ խոսքով: Մեկին մի ջերմ բարևը, մյուսին՝ սիրո խոստովանությունը կյանք են տալիս: Խոսենք, ասենք, որ հասկանան, գտնեն կյանքի իսկականն ու լուսավորը: Վատը ասենք՝ ականջին, որ բուժվի, փոխվի, լավը՝ աշխարհով մեկ, որ մարդը շնորհակալության թևերով թռչի, հասնի իր նպատակին:

Անխոս մարդը փակուղի է և լռելով տանում է փակուղի բոլոր նրանց, ովքեր հայտնվում են նրա կյանքում:

Խոսելու համար միայն խիզախություն է պետք, որովհետև այն վախկոտներին հատուկ չէ:
Խոսի´ր, եթե ուզում ես բուժել, իսկ դու կարո´ղ ես, վստահ եղիր, կգտնվի մեկը, ում համար դեղամիջոց կլինի հենց քո խոսքը:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս