Զինվորի սպանության մեղավորը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն 15 ամիս անց ազատ է արձակվել. ծնողները պահանջում են գործի վերաբացում
2013 թվականի հունիսին Մարտակերտ քաղաքում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պատրաստվում են ընթացք տալ այն քրեական գործերին, որոնք ժամանակին մեծ հնչեղություն են ունեցել, սակայն կասեցվել են։ Նա ցանկանում է, որ այդ գործերի մեջ լինի նաև իր որդու սպանության գործը, քանի որ ժամանակին իրականացված դատավարությունը եղել է ոչ արդարացի։
«Արդեն վեց տարի այս քրեական գործի հետ կապված՝ դիմում ենք կառավարությանն ու պատկան մարմիններին, այն սկզբից մինչև վերջ կեղծիք է։ Օրինակ՝ զենքը, որից արձակվել է կրակոցը, չի պատկանում որդուս, այն զինգրքույկում գրանցված չէ։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ զենքի վրա չկան մատնահետքեր, ինչպես փորձաքննության արդյունքում է պարզվել, կրակոցն ընդհուպ չէ, այսինքն՝ այն արձակվել է 1,5-2 մետր հեռավորությունից»,- ասաց Հ. Մուրադյանը։
Նրա խոսքով՝ փորձագիտական քննության բոլոր արդյունքները նախաքննական մարմինն անտեսել է։
Ըստ սպանվածի հոր՝ այս քրեական գործով վճիռ է կայացվել, դատապարտվել է մայոր Էմիլ Ավետիսյանը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։
«Սակայն Զարուհի Փոստանջյանի հարցման արդյունքում մենք պարզել ենք, որ Էմիլ Ավետիսյանը 15 ամիս անց ազատ է արձակվել»,- ասաց Հովսեփ Մուրադյանը։
Գործով փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ կան հստակ փաստեր, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել ապօրինություններ, սակայն դրանց ընթացք չի տրվում այն մարմինների կողմից, որոնք անմիջապես ենթարկվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Այստեղ մենք խնդիր ունենք, իրավապահ մարմինները փաստացի մատնված են անգործության։ Ազգային ժողովն ունի հատուկ գործիք, որը կոչվում է՝ հատուկ հանձնաժողով, այս գործերը կարող էին նաև այդ հանձնաժողովում ուսումնասիրվել։ Եթե մեր երկրում կա ցանկություն արդարության հասնելու համար, ապա բոլոր գործիքները պետք է օգտագործվեն։ Տվյալ պարագայում այս քննիչների նկատմամբ պետք է սկսվի քրեական հետապնդում»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան