ՆԱՏՕ-ի` Սև ծով մտած նավերը կժամանեն վրացական Փոթի
ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի՝ Սեւ ծովի ջրատարածք մտած մարտանավերը հաջորդ շաբաթ կժամանեն Վրաստանի Փոթի նավահանգիստ: Ինչպես մարտի 29-ին Twitter-ում հայտնել է Վրաստանում Լեհաստանի դեսպանությունը, նավերի այցը Փոթի սպասվում է ապրիլի 1-ին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա «եւս մեկ հստակ ազդանշան է՝ ավելի շատ ՆԱՏՕ՝ Վրաստանում»։
ՆԱՏՕ-ի նավերը վերջին տարիներին հաճախ են հայտնվում վրացական նավահանգիստներում: Հունվարի վերջին Բաթումի նավահանգիստ էր ժամանել «Դոնալդ Քուկ» ամերիկյան էսկադրային ականակիրը:
Ինչպես նախօրյակին հայտնել է «Ինտերֆաքս»-ը, ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի մարտանավերը մարտի 28-ին, անցնելով Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցները, մտել են Սեւ ծովի ջրատարածք:
ՆԱՏՕ-ական նավախմբի մեջ մտնում են նրա ֆլագմանը՝ Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Էվերթսեն» էսկադրային ականակիրը, կանադական «Տորոնտո» ֆրեգատը, իսպանական «Սանտա Մարիա» ֆրեգատը, թուրքական «Գելիբոլու» ֆրեգատը, ինչպես նաեւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Վար» օժանդակ նավը:
Սպասվում է, որ կանադական եւ իսպանական ֆրեգատները Սեւ ծովում նավախմբի պարեկումից հետո ապրիլի 1-ին կմտնեն Օդեսայի նավահանգիստ: