Պատվաստումների արդյունավետությունը կասկածի տակ դնելն անիմաստ է. բժիշկների արձագանքը
Հայաստանում պատվաստումների դեմ քննարկումները, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնելն անիմաստ է: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
«Վերջին շրջանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների դեմ քննարկումներն ակտիվացել են: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելը շատ կարևոր է, և մեր երկիրը պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվի: Մենք նոր հեծանիվ չենք հորինում, վաղուց բազմաթիվ առաջատար երկրներում այն կիրառվում է և ապացուցված է, որ դրական ազդեցություն ունի»,-ասաց Գեորգի Օկոևը:
Նա նշեց, որ շատ կարևոր է կանխարգելիչ աշխատանքը, ինչում մեծ նշանակություն ունի պատվաստումը: Մասնագետի խոսքով, մարդու պապիլոմա վիրուսը պատճառ է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման, այլև ուղիղ աղիքի, հեշտոցի քաղցկեղի: Պապիլոմա վիրուսը նաև տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել:
Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ իրենց հանձնաժողովում ընդգրկված են երկրի առաջատար բժիշկները:
«Նման հանձնաժողովներ կան աշխարհի 82 երկրում: Առաջատար մասնագետները մեծ քանակությամբ ուսումնասիրություններ են կատարում, ինչը ապացուցողական է: Այսինքն՝ չեն հիմնվում մեկ կամ երկու դեպքի վրա: Եվ երկրների հանձնաժողովները կիսվում են իրենց փորձով: Ուզում եմ ասել, որ Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների հետ կապված որևէ բարդություն չի եղել»,-ասաց Աննա Չոբանյանը:
Արգանդի պարանոցի քաղցկեղը, ըստ «Մուրացան» համալսարանական կլինիկական հիվանդանոցի ուռուցքաբան- քիմիոթերապևտ Դավիթ Զոհրաբյանի, ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար է խնդիր: Հայաստանում բավական բարձր է հիվանդության տարեկան առաջնակի բացահայտման թիվը: Տարեկան 250-260 նոր դեպք է գրանցվում:
«Այն զարգացած երկրները, որտեղ վաղուց կիրառվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, սկրինինգային ծրագիր են իրականացնում, այնտեղ հիվանդացության տոկոսը նվազել է: Այդ երկրներում կանանց շրջանում առաջին տասնյակ քաղցկեղի տեսակների մեջ արգանդի պարանոցինը չի էլ մտնում: Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը 2-րդ կամ 3-րդ տեղն է գրավում, իսկ դա բավական բարձր թիվ է»,-ասաց նա:
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը նշեց, որ իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում տարիներ շարունակ չեն գրանցվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, չունենք կարմրուկի տեղական դեպքեր:
«Այսօր 47 երկրում կարմրուկի բռնկումներ են, իսկ մեզ մոտ նման խնդիր չկա: Դա, բնականաբար, շնորհիվ պատվաստումների բարձր մակարդակի է: Այսօր դիֆթերիան գլուխ է բարձրացրել Վենեսուելայում, Հնդկաստանում, Կոլումբիայում, իսկ մեր երկրում կրկին այդ խնդիրը չկա և կրկին շնորհիվ պատվաստումների: Այսինքն՝ վաղուց պարզից պարզ ապացուցված է պատվաստումների արդյունավետությունը: Եվ այս հակապատվաստումային ակցիան բոլորովին անտեղի է»,-ասաց Արման Բադալյանը:
Լրագրողների այն հարցին, թե պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը որքանով է ազդում չբերության վրա, Գեորգի Օկոևը նշեց, որ պատվաստանյութը վիրուսային ծագում չունի: Այն ոչ մի ձևով չի ազդում չբերության վրա: