Վարչապետը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները «1000 դրամի» վճարներն ակտիվորեն կփոխանցեն
Խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում զինվորների ապահովագրության հիմնադրամում, ի՞նչ վճարներ են տեղի ունենում և ի՞նչ կարելի է սպասել՝ հիմնադրամի գործունեության հետ կապված։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին այդ համակարգի գործունեության մեջ տեղի են ունցել որոշակի փոփոխություններ։
«Երբ հիմնադրվել էր համակարգը՝ 2016 թվականին, նախատեսվել էր, որ այդ հիմնադրամի շահառու կհանդիսանան 2017 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո, մարտական հերթափոխի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ զինվորները։ Համակարգն այդպես գործում էր մինչև նախորդ տարվա օգոստոսը, մենք այնպես արեցինք, որ այդ սկզբունքը տարածվի 2014-15 թվականների դեպքերի վրա։
Օրեր առաջ տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը և որոշվել է, որ այդ համակարգը պետք է հետ գնա մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ, այսինքն՝ մինչև այդ տեղի ունեցած դեպքերի վրա տարածվի»,- նշեց վարչապետը։
Նա հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները «1000 դրամի» վճարներն ակտիվ կանեն, տեսնելով, որ շահառուների շրջանակը ընդլայնվել է։
«Եթե կարողանանք միջոցներ գեներացնել, ապա այդ համակարգը հետ կգնա մինչև 1998 թվականը, և շահառուների շրջանակն ավելի կընդլայնվի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան