
Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը շարունակական ընթացք է. Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:
Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
Նշելով, որ ժողովրդավարության ուժեղացումն ու ինստիտուցիոնալ զարգացումը շարունակական ընթացք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում իրականացվող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ամրապնդմանը: