
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագիրն ԱԺ կներկայացվի մոտ ժամանակներս. փոխվարչապետ

ՀՀ կառավարությունն իր կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը Ազգային ժողով կներկայացնի մոտ ժամանակներս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս ծրագիրը կուղարկվի Ազգային ժողով։ Եթե ընդդիմությունն ասում է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն ուշանում է, ապա պետք է հասկանա, թե ինչու ենք ուշացնում։ Իմ համոզմամբ՝ նման խորքային ու լուրջ որոշումները կարիք ունեն բավականին լայն շրջանակի քննարկումների։ Հետևաբար, կարծում եմ, որ այս գործընթացների վերլուծությունը պետք է լինի բավականին ժամանակատար»,- ասաց Ավինյանն ու հավելեց` հապշտապ որոշումներ չպետք է կայացնեն:
Ավինյանն նաև նշեց, որ կառավարության կողմից առաջարկվող փաթեթի շրջանակում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները ևս կքննարկվեն ԱԺ-ի հանձնաժողովներում: Ավինյանը հավաստիացրեց, որ կառավարությունը բաց է քննարկումների և տրամաբանական առաջարկների համար:
ԼՀԿ-ի առաջարկություններից մեկը վերաբերում էր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունները նախարարություններ դարձնելուն: Ավինյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: Նա նշեց, որ ԱԺ-ն այս պահին էլ լծակներ ունի` վերահսկելու այդ մարմիններին: Ավինյանը հիշեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի մասնակցությունը: