«Տաշիր» հիմնադրամն Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018 թվականին Արցախի 201 ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրել է 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա կարևորել է ծրագրի իրականացումը, քանի որ հայ ընտանիքներում նոր ծնունդներ են ավելացել:

«Այս իմաստով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը նպաստում է երիտասարդ ընտանիքների կայացմանը և բազմազավակության խթանմանը, որն էլ հանդիսանում է ամուր պետականության հիմքը: Բարեգործական ծրագրի մեկնարկից՝ 2016 թվականից սկսած, մինչև այսօր, ծրագրից օգտվել է 443 ընտանիք»,-մասնավորապես ասել է Գ. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը՝ ԱՀ պետական նախարարն ասել է, որ առողջապահության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում իրականացվել և այսօր էլ շարունակվում են իրագործվել տասնյակ ծրագրեր:

«Իմ երախտիքի խոսքն եմ ուղղում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին՝ ի դեմս նախագահ Սամվել Կարապետյանի, այս կարևոր և կենսական նշանակություն ունեցող ծրագիրն Արցախում իրագործելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի միջոցով իրականացվում են նաև Արցախի զարգացմանն ուղղված բազում բարեգործական ծրագրեր: Ուրախ եմ, որ ունենք հայրենանվեր առաքելություն իրականացնող հիմնադրամներ, որոնք մշտապես Արցախի և արցախցու կողքին են թե՛ դժվարին և թե՛ խաղաղ ժամանկներում»,-ընդգծել է պետնախարարը:

Միջոցառմանը ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն էլ ասել է, որ իր համար մեծ հպարտություն է, որ Արցախում ապրող մեծ թվով ընտանիքներ բազմազավակի կարգավիճակ ունեն:

«Մեր պայմաններում 4 երեխաներ մեծացնելն այնքան էլ հեշտ չէ: Ես վստահ եմ, որ ամեն մեկս մեր նվիրական գործունեությամբ կկարողանանք իրար օգնելով ու աջակցելով լուծել բոլոր խնդիրները և հայրենիքին առողջ երեխաներ պարգևել»,-նշել է Հ. Արշամյանը:

«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ բարեգործական ծրագրերից Արցախի ընտանիքներում ծնված 4-րդ երեխաներին տրամադրվող դրամական աջակցության նախագիծը ամենակարևորն է ու սպասվածը:
«Սիրով եմ սպասում այս ծրագրին և ամեն անգամ ուրախությամբ եմ գալիս Արցախ՝ զգալով այս հողի շունչը և ստանալով նոր էմոցիաներ: Աստված տա՝ այս փոքրիկները մեծանան խաղաղ և անհոգ, և իրականացվեն բոլորի երազանքները»,-ավելացրել է Ն. Կարապետյանը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է, որ ծնելիությունն ու բազմազավակությունը պետության հիմքն են:

«Ուրախ եմ, որ ունենք հայորդիներ, նվիրյալ զավակներ, ովքեր գիտակցում են, որ բազմազավակությունը խիստ պահանջված է ազգի համար, և իրենք կարողանում են այդ վսեմական առաքելությունը կյանքի կոչել, դրանով իսկ գոտեպնդել բոլորին: Հայ ժողովուրդը կանգնած է կողք կողքի, և բոլոր խնդիրները պետք է լուծենք միասնական: Շնորհակալություն եմ հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անդամներին, ովքեր գալիս են մեր ազգին սատար կանգնելու, ուժեղացնելու. թող շարունակեն այս նվիրական, աստվածահաճո, ազգօգուտ և պետականաշեն սուրբ առաքելությունը»,-մասնավորապես ասել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ծրագրի շահառու, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 4 երեխաների մայր Նարինե Աբրահամյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել «Տաշիր» հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանին նախագիծը կյանքի կոչելու համար:

Նա ասել է, որ ինքը զոհված ազատամարտիկի հարս է, և իր 4-րդ երեխան ծնվել է Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին և նրան՝ որպես հերոս պապիկի հետնորդ, անվանել են Արցախ: Նա համոզմունք է հայտնել, որ իր որդիները կլինեն հերոսական հայրենիքի արժանի զավակները:

Մեզ հետ զրույցում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 4 երեխաների հայր Արա Գրիգորյանը ևս շնորհակալություն է հայտնել հիմնադրամին և նշել, որ ստացած գումարը կօգտագործեն բնակարանի ձեռքբերման նպատակով:

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով, որից հետո ծրագրի բոլոր շահառուներին տրամադրվել են վկայականներ, որոնք ներկայացնելով «Արցախբանկ» ՓԲ ընկերություն, կկարողնան ստանալ համարժեք գումարը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, հյուրեր, բազմազավակ ընտանիքների անդամներ:

Տեսանյութեր

Լրահոս