
ՀՀ քաղաքացիներին արգելված է արտահանձնել այլ երկրներ. Զեյնալյանը` Մերի Աղաջանյանին Իսրայել արտահանձնելու մասին

Հայաստանը չի կարող Իսրայել արտահանձնել իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, ով Իսրայելում դատապարտվել էր խարդախության համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարի խոսքով`ՀՀ Սահմանադրությունն արգելք է նախատեսում ՀՀ քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ:
«Մենք հիմա աշխատանքներ ենք տանում դատական ակտերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է արտահանձնել այլ երկրներ»,-ասաց նախարարը:
Մարտի 2–ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսի–Երևան չվերթի ուղևոր Մերի Աղաջանյանին, որը հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից` խարդախության կատարելու մեղադրանքով:
Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ–ները, Աղաջանյանը եղել է զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովի գրասենյակի պետը։ Գործի նյութերի համաձայն՝ նա կաշառքի դիմաց առանց հերթի սոցիալական բնակարան է խոստացել նոր հայրենադարձներին (ռուսալեզու կենսաթոշակառուներին): Խարդախության ճանապարհով ստացված միջոցները կազմել են մի քանի հարյուր հազար շեքել (1 շեքելը` 0,28 դոլար): Իսրայելում նա դատապարտվել է 26-ամսյա բանտարկության խարդախության համար։
Քանի որ Հայաստանի և Իսրայելի միջև չկա արտահանձնելու մասին երկկողմ պայմանագիր, ապա հարցը կանոնակարգվում է քրեական գործերում փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի շրջանակում:
Սահմանադրության 55 հոդվածի 2–րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հանձնվել արտասահմանյան պետությանը` բացառությամբ դեպքերի` նախատեսված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով»: