Բացահայտվել է Հրազդանի կիրճում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
2019 թվականի մարտի 24-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ նախադաստակի ստորին երրորդի արտաքին մակերեսի, անոթափոսի առաջնային մակերեսի և կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային ձևով 4-րդ միջկողային տարածությունում կտրած-ծակած մոտ 15 սմ. երկարությամբ դեպի որովայնի խոռոչ թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչը՝ ծնված 1984թ., ով հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ՝ Երևանի մեկ այլ՝ 1978թ. ծնված բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենայի սրահում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է իր կողքի նստատեղին նստած 34-ամյա տղամարդուն:
Երևանի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: