
Ալժիրի կառավարող կոալիցիայի կուսակցությունը պաշտոնաթողության կոչ է արել Բուտեֆլիկային

Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ: Այդ մասին ասված է քաղաքական միավորման հայտարարության մեջ:
«Ազգային դեմոկրատական ժողովը նախագահին խորհուրդ է տալիս Սահմանադրությանը համապատասխան պաշտոնաթող լինել… երկրում անցումային շրջանի սկիզբը դյուրացնելու համար»,- նշվում է փաստաթղթում:
«Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը կարեւորությամբ երկրորդն է կառավարող կոալիցիայում՝ «Ազգային ազատագրության ճակատի» հետ մեկտեղ: Երկու կուսակցություններն էլ մարտին պաշտպանել են 82-ամյա Բուտեֆլիկայի առաջադրումը նոր նախագահական ժամկետի:
Մարտի 26-ին Ալժիրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Ղայիդ Սալեհը կոչ է արել գործի դնել Սահմանադրության 102-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի պաշտոնը թափուր հայտարարել, եթե նա ի վիճակի չէ կատարելու իր պարտականություններն առողջական վիճակի պատճառով:
Սահմանադրության համաձայն՝ նախագահի անգործունակության փաստը նախ պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը, իսկ այնուհետեւ խորհրդարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: