Վարչապետի գլխավորությամբ կստեղծվի «Ժողովրդագրական հարցերի քննարկման» խորհուրդ՝ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված, որի արդյունքում որոշվել է, որ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի «Ժողովրդագրական հարցերի քննարկման» խորհուրդ, որը հսկողության տակ կառնի ժողովրդական խնդիրների լուծումը։
Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է իրականացնում, որպեսզի լուծի ՀՀ-ում ժողովրդագրության հետ կապված խնդիրները, հատկապես՝ մարզերում։
«Սա նշում եմ, ցույց տալու համար, թե ինչքան կարևորություն ենք մենք տալիս խնդրին։ Այդ խորհրդի հիմնական խնդիրներից մեկը ժողովրդագրական ոլորտում կոնկրետ թիրախային հարցերին լուծումներ առաջարկելն է։
Օրինակ՝ կառավարության ծրագրում գրված էր, որ մենք նախակրթարանների շատ զարգացած ցանց ունենանք երկրում, որովհետև եթե աշխատող կանայք իրենք վստահ չեն, որ կարողանալու են և′ աշխատել, և′ երեխա ունենալ, դա դառնում է երկսայրի սուր։
Մի կողմից՝ մենք ասում ենք՝ կանանց ներգրավվածությունը տնտեսության, քաղաքականության մեջ պետք է քաջալերենք, մյուս կողմից՝ ասում ենք՝ ընտանիքը պետք է խրախուսենք, մյուս կողմից էլ ասում ենք՝ ծնելիությունը խթանող քաղաքականություն պետք է վարենք, բայց չենք հասկանում, որ իրականության մեջ հակասություններ ենք ստեղծել այս երկու նպատակի մեջ։
Լավ, կինը երեխա ունեցավ, պետք է կարողանա աշխատել, չէ՞, եթե չի աշխատում, նշանակում է՝ ամբողջ ընտանիքի բեռը մնում է ամուսնու վրա, հետևաբար՝ առաջանում է սոցիալական հարց, այդ պատճառով էլ պետք է լինեն մանկապարտեզներ, մսուրներ, նախակրթարաններ»,- ասաց վարչապետը։
Դրանից բացի, վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին լուծում են 400 դայակի հարց, բայց այդ ծրագիրն այն ծավալով չի աշխատում, ինչ ծավալով որ կցանկանային։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այսօր Հայաստանում թվաքանակի առումով՝ դիսբալանս կա արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև, ինչը խնդիր է։
Զվարթ Խաչատրյան