ԵՄ-ն չի կարող դավաճանել Brexit-ի չեղարկման օգտին հանդես եկող բրիտանացիներին. Տուսկ
Եվրամիությունը չի կարող դավաճանել այն բրիտանացիներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս հանրակցությունից դուրս գալու որոշումը չեղարկելու օգտին, ուստի անհրաժեշտ է այդ երկրին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նա որոշի իր հետագա ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում, որը հեռարձակվել է ԵՄ-ի այս օրենսդիր մարմնի կայքում:
«Ես Եվրոպական խորհրդի առջեւ հայտարարել եմ, որ մենք պետք է պատրաստակամ լինենք (Brexit-ը) երկարացնելու տեւական ժամկետով (մինչեւ մայիսի 22-ը), եթե Մեծ Բրիտանիան ցանկանում է վերանայել Brexit-ի վերաբերյալ իր ռազմավարությունը»,-ասել է նա, նշելով, որ թագավորությունը ժամանակ ունի մինչեւ ապրիլի 12-ը, որպեսզի պաշտպանի ԵՄ-ից երկրի դուրս գալու գործարքը կամ հրաժարվի դրանից:
Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ Brexit-ի ժամկետի ընդլայնված երկարացման դեպքում Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի վերջին: «Եղել են մարդիկ, որոնք ասել են, թե դա վնասակար կամ հարմար չի լինի ձեզանից ոմանց համար,-ասել է Տուսկը՝ դիմելով եվրապատգամավորներին:-Թույլ տվեք ես ուղղակիորեն ասեմ՝ նման մտածողությունն անթույլատրելի է:
Չի կարելի դավաճանել այն 6 մլն մարդկանց, որոնք ստորագրել են 50-րդ հոդվածի չեղարկման հանրագիրը, եւ 1 մլն մարդկանց, որոնք երթով անցել են՝ կոչ անելով ժողովրդական քվեարկություն անցկացնել, եւ ավելի ու ավելի շատացող մարդկանց մեծամասնությանը, որոնք ցանկանում են Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ-ի կազմում: Նրանք կարող են համարել, որ (իրենց շահերը) բավարար չափով ներկայացված չեն բրիտանական խորհրդարանում, բայց նրանք պետք է զգան, որ դուք այստեղ ներկայացնում եք իրենց, քանի որ նրանք եվրոպացիներ են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: