«Կառավարությունն ասում է՝ պետք է խոշորացում գնա, այնինչ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ պետք է խրախուսվի փոքր և միջին բիզնեսը». Գևորգ Գորգիսյան

Ինչպես գիտենք, գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհում են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից, որոնց համաձայն՝ պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար՝ 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։

Տևական ժամանակ է արդեն, որ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ, քանի որ պատկան մարմինների հետ իրենց քննարկումներն ու հանդիպումները կարծես թե ընդհանուր հայտարարի չեն բերել նրանց։

Այսօր նրանց հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծի ողջ փաթեթն ուսումնասիրելով՝ հստակ հասկացել են, որ սա բանկերի լոբբինգ արած ծրագիրն է։

«Նրանց հիմնական հիմնավորումն այն է, որ պետք է խոշորացում գնա, այնինչ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ պետք է խրախուսվի փոքր և միջին բիզնեսը։ Մենք այս հարցում լիովին սատարում ենք ձեզ ու վստահ ենք, որ չի կարելի փոքր բիզնեսի բեռն այդչափ ավելացնել, իսկ բանկերինը՝ անհամեմատ ավելի քիչ բարձրացնել»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են այս տեսակետը պնդել թե Ազգային ժողովում, թե հնարավոր այլ հարթակներում ևս։

Գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչների կարծիքով՝ ինֆորմացիան վարչապետին սխալ է տրվում։ Կենտրոնական բանկը սխալ տեղեկատվություն է տրամադրում վարչապետին։

«Կառավարության հետ հանդիպման ժամանակ մեզ չթողեցին նկարահանել այդ հանդիպումը, և այն չլուսաբանվեց առհասարակ։ Մեզ խոստացել են, որ կհրավիրեն ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նիստին, ու այնտեղ մենք մեր առարկությունները կներկայացնենք»,- նշեցին հանդիպման մասնակիցները, ինչին Գևորգ Գորգիսյանն արձագանքեց, որ հանձնաժողովի նիստն ուղիղ հեռարձակվում է, և իրազեկման խնդիր չի լինի։

Գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ իրենք երեկ հանդիպել են ֆինանսների փոխնախարարի հետ, և կառավարության դիրքորոշումը հետևյալն է.

«Նրանց կարծիքով՝ պետությունը գերծախսեր է կատարում գրավատների ու փոխանակման կետերի վրա, ու այդ ծախսերն ինչ-որ ձևով պետք է փոխհատուցվեն, և իրենք այդ փոխհատուցումը տեսնում են պետական տուրքի տեսքով։ Նախ՝ պետական տուրքն իրենից ենթադրում է պետության որևէ լիցենզիայի, գործառույթի վերաբերյալ ծախսեր, այլ ոչ թե՝ իր վերահսկողության կամ կարգավորման ծախսերը։ Մեզ ասում են՝ դուք ունեք 2 տարբերակ՝ կամ պետական տուրքի բարձրացումը 3 միլիոնի չափով, որ ձեր ծախսերը հոգանք, կամ դուք գնում եք խոշորացման։ Այսինքն՝ մեկ միլիարդ կապիտալ, վարկային ընկերություն, կարգավորման դաշտ և նորմալ վերահսկողություն»։

Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ նման տրամաբանությամբ պետք է բոլոր մանր ու միջին կրպակներն ու խանութներն էլ փակվեն, ու աշխատեն միայն սուպերմարկետները, ինչ լուրջ հակասության մեջ է մտնում կառավարության ծրագրի հետ։

«Եթե ընդունվեն այսպիսի օրենքներ, մենք առաջ չենք կարող գնալ։ Մեզ համեմատում են բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, սակայն, եթե համեմատենք մեր ու նրանց պորտֆելները, մենք անհամեմատելի ենք։ Ու այսօր ասում են, թե գրավատները չարիք են, որովհետև 120 տոկոսով վարկեր են տալիս։ Նման բան գոյություն չունի։ Վերցրեք նայեք սովորական վարկային կազմակերպության տված վարկերն ու համեմատեք գրաատան տված տոկոսների հետ… Համեմատությունը ճիշտ չի արվում»,- եզրափակեցին հանդիպման մասնակիցները։

 

Տեսանյութեր

Լրահոս