ՀՀ վարչապետի խոսքով՝ ԵՄ-ից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, բայց այս մասին որևէ մեկը չի խոսում

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, բայց, ինչպես վարչապետն է ասում՝ սա որևէ մեկը չի նկատում, սրա մասին չեն խոսում։

«Թվային առումով գուցե սա հնչեղ չէ, բայց շատ կարևոր արձանագրում է։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկրում վերջին 10 ամիսների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի գլոբալ փոփոխություններ, որոնք չէր հաջողվում իրականացնել վերջին 27 տարիների ընթացքում»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամենը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների շնորհիվ, քանի որ երկրում մեկ մարդը չի կարող իրականացնել բովանդակային փոփոխություն, նման գլոբալ փոփոխությունները կարող են անել միայն հազարավոր, նույնիսկ միլիոնավոր քաղաքացիներ։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետևյալ փաստի վրա, սկսած 2018 թվականի մայիսից, նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած՝ առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ-ի միջանցքներում, որ՝ վայ, էստեղ մեզ հետապնդում, հալածում են, չգիտեմ ինչ են անում։ Նրանք մտածում էին, որ այն մանիպուլյացիաները, որոնք արել են իրենց իշխանության տարիներին, որ ամենասուր հարցերն այսպես լղոզեն, ծռեն, իրենց հաջողվելու է հիմա էլ հակառակ գործընթացն իրականացնեն»,- շեշտեց Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս