Բաժիններ՝

Իրանում աճում է հեղեղումների զոհերի թիվը

Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ներկայացուցչին:

Մարտի 26-ին իրանական Կարմիր մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին ISNA գործակալությանը հայտնել էր երկրի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, Քերմանշահի, Լուրեստանի, Կոհգիլուեի եւ Բոյերահմեդի, Խուզիստանի նահանգներում, հեղեղումներից 23 զոհվածների մասին: Տարերքը վնասներ է պատճառել նաեւ Իրանի հյուսիսում՝ Գոլեստանի եւ Մազանդարանի նահանգներում: «Մարտի 27-ի դրությամբ հեղեղումների հետեւանքով մահացել են մեր 25 հայրենակիցներ»,-հայտնել է Սալիմը Tasnim գործակալությանը:

Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքն ու տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Տարերքից տուժել են Իրանի տասնյակ հազարավոր բնակիչներ: Ինչպես հայտնել է Սալիմին, 43,5 հազար մարդու օգնություն է ցուցաբերվել 293 քաղաքներում, գյուղերում, ինչպես նաեւ քոչվող ցեղերի բնակության շրջաններում:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ ցավակցություն է հայտնել հեղեղումների կապակցությամբ, որոնք առավելագույն չափով հարվածել են Շիրազին, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել զինվորականներին՝ օգնություն ցույց տալ տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս